2017 թվականը Հայաստանի համար ամփոփվեց կարևոր իրադարձությամբ։ Ասոցացման համաձայնագիրը տապալելուց 4 տարի անց Հայաստանն ի վիճակի եղավ վերջապես Եվրամիության հետ ստորագրելու նոր՝ Ընդլայնված և համապարփակ գործընկերության փաստաթուղթ, որը թեպետ իր որակով զիջում է Ասոցացման համաձայնագրին, այդուհանդերձ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանին հնարավորություն է տալիս քիչ թե շատ հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը։ Փորձագիտական դաշտում շարունակում են հնչել մտահոգություններ արդեն ստորագրված համաձայնագրի իմպլեմենտացման առնչությամբ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմաստով ևս անցնող տարին էական տեղաշարժով աչքի չընկավ։ Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը և դրան հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին երկու պետությունների միջև առկա խորը անվստահությունը։
Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող այս և այլ կարևոր իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցելու ենք ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանի հետ։









































