Հայաստանը շարունակում է Եվրամիությանը պահանջ ներկայացնել Թուրքիայի հետ փակ սահմանի մասով, բողոքել, որ այդ երկիրը միակողմանի փակ է պահում հայ-թուրքական սահմանը՝ խոչընդոտելով Հայաստանի զարգացմանը: Հայ պատգամավորները ԵՄ ներկայացուցիչներին բացատրում են, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը անհիմն կերպով կապում է արցախյան խնդրի կարգավորման հետ, մինչդեռ ցյուրիխյան արձանագրություններում որևէ հիշատակում չի եղել արցախյան հիմնահարցին, և հարաբերությունների կարգավորումը չի կապվել Արցախի խնդրի ադրբեջանանպաստ կարգավորման հետ:
Երեկ ԱԺ-ում շարունակվում էր Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստը, և կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և Աղվան Վարդանյանը, հենց այս կոնտեքստն էին առաջ քաշում՝ կրկնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը մինչև գարուն դրանք առոչինչ կճանաչի: Եվ իբրև թե բարի կամքի դրսևորում, ավելացնում են, թե Հայաստանը ընդհանրապես չի մերժում հաշտեցման գաղափարը, այլ կսպասի, որ Թուրքիայում էլ համարժեք մթնոլորտ ձևավորվի:
Հայկական կողմին երեկ տնտեսագիտության և քաղաքագիտության բավական լավ դաս տվեց Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավոր Սաջադ Քարիմը, որը լինելով Հայասան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության խորհրդի եվրոպական կողմի համանախագահ, Հայաստանի խորհրդարանի պատգամավորների մեղադրանքները և հարցադրումները համարեց անձամբ իրեն ուղղված:
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի անդամ և ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացրած երկրի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելու մեղադրանքին, Սաջադ Քարիմը հիշեցրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը դաշնակից երկրներ են, իսկ Հայաստանի հետ սահմանի բացումից Թուրքիան չի կարող ստանալ այնպիսի տնտեսական էֆեկտ, որը կարող է հակակշռել այն քաղաքական և տնտեսական շահին, որը Թուրքիան ստանում է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններից: Բրիտանացի պատգամավորի ասածն այն էր, որ երկրները առաջնորդվում են իրենց տնտեսական և քաղաքական շահերով, և որևէ մեկը, այդ թվում՝ Եվրամիությունը, չի կարող ինքնիշխան երկրին ստիպել իր շահերին հակասող որոշումներ կայացնել կամ վարքագիծ դրսևորել:
Բայց պարոն Քարիմն ավելի հեռուն գնաց: Նա հայ-թուրքական սահմանի բացումը կապեց սիրիական հակամարտության հետ, և անմիջականորեն կապեց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Նա հիշեցրեց, որ սիրիական հակամարտության սկզբում այդ հարաբերությունները սրված էին, բայց վերջին շրջանում դրանք բավական ջերմացել են: Ինչու էր Սաջադ Քարիմը հայ-թուրքական սահմանի բացումը կապում թուրք-ռուսական հարաբերությունների և դրա դինամիկայի հետ: Նա ուղղակի նկատի ուներ, որ, մեծ հաշվով, գոյություն չունի հայ-թուրքական սահման, այլ գոյություն ունի ռուս-թուրքական սահման, և եթե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները այդքան ջերմ են, ապա նրանք պետք է որոշեն բացե՞լ սահմանը, թե՞ ոչ:
Բացի այդ, Եվրամիության պատվիրակների մոտ բողոքել հայ-թուրքական սահմանի փակ լինելուց և պահանջել, որ Եվրամիությունը ազդի Թուրքիայի վրա՝ բացելու սահմանը, ուղղակի ժամանակավրեպ է, որովհետև Եվրամիությունը ինքն է աշխատում հնարավորինս փակել Թուրքիայի հետ ունեցած իր սահմանը, այդ երկրից ԵՄ երկրներ փախստականների ու ահաբեկիչների անվերահսկելի ներթափանցումը կանխելու համար:
Ուրիշ բան, եթե հայ պատգամավորները և պաշտոնյաները հայ-թուրքական սահմանի բացման հարցը բարձրացնեն ԵԱՏՄ շրջանակներում, նկատի ունենալով,որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները ջերմ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, և նույնիսկ խոսք է գնում ԵԱՏՄ-Թուրքիա ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին: Իսկ Հայաստանի և Թուրքիայի սահմանը՝ ԵԱՏՄ-ի Թուրքիայի հետ ունեցած միակ ցամաքային սահմանն է:
Սաջադ Քարիմի ասածն այն էր, որ պետք է մի քիչ հաշվել իմանալ, և իմանալ, թե ումից ինչ կարելի է պահանջել: Ու միշտ չէ, որ եվրոպացի պատվիրակները ստիպված են դիվանագիտության կամ հյուրընկալության կանոններին զոհ գնալով, չասել այն, ինչ իրականում մտածում են:









































