«Գյուղատնտեսական տարին բավական ծանր էր, բավարարից ցածր, անհաջող։ Ցրտահարություններ եղան, ապա ամռանը երաշտ գրանցվեց 2-3 ամիս, ինչը բանջարաբուծությանը և անասնակերի կուտակմանը լուրջ հարված հասցրեց, բերքի կորուստ ունեցանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Բացի այդ, Բերբերյանի խոսքով՝ ջրի խնդիրն էր արդիական, որի պատճառով էլ ավելի շատ բերքի կորուստ գրանցվեց, պարարտանյութերը շատ ուշ ներկրվեցին, դիզվառելիքը՝ նույնպես, երբ գյուղացին արդեն ավարտել էր վարուցանքը։ «Այս պայմաններւոմ ակնկալել հաջողված գյուղատնտեսական տարի՝ առատ բերքով, հնարավոր չէ։ Խնդիրներ շատ կան։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա համար էլ խնդիրները լուծված չեն։ Գյուղատնտեսության մեջ մի լավ խոսք կա՝ տարին հաշվում են մեկ տարի առաջ։ Այսինքն՝ մենք հաջորդ տարի էլ բավարար լավ պատկեր չենք ունենալու»,- ասաց Բերբերյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար բավարար մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք, ոչ թե Թերլեմեզյանն ավարտած կադրեր։ «Դրա համար էլ էնքան պարապ են, սկսել են ԳՄՕ-ներով զբաղվել։ Մինչդեռ մեզ մոտ նման խնդիր չկա։ Հայաստանում ԳՄՕ-ով հարստացված սերմեր չեն աճեցվում։ Ոչ մեկը չի կարող նման օրինակ բերել։ Հավատացնում եմ ձեզ՝ Հայաստանում ԳՄՕ բանջարեղեն չկա։ Մեզ մոտ ուրիշ բան է թափանցում ԳՄՕ-ով՝ սոյա, որը օգտագործվում է մսի վերամշակման, տարբեր յոգուրտների պատրաստման համար, խառնվում է կաթնամթերքին։ Այստեղ մտահոգություն ունենք, բայց մնացածի մասով ազգաբնակչությանը պետք չէ շփոթության մեջ դնել»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ պարզ և բարդ հիբրիդները պետք չէ խառնել ԳՄՕ-ի հետ։
Բերբերյանի խոսքով՝ Monsanto-ի սերմերը տեղեր կան, որ վտանգավոր են, մեղուները, միջատները սատկում են, բայց, մեր զրուցակցի խոսքով, նույն տրամաբանությամբ պետք է բոլոր հեռախոսակայանները փակվեն, քանի որ դրանք նույնպես մեծ վնաս են հասցնում մեղուներին։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի կարգավորմանը՝ Բերբերյանը նշեց, որ մեզ մոտ լուրջ ռեֆորմներ պետք է արվեն օրենսդրական դաշտում, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծվեն, և ոլորտը առողջանա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































