Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց կառավարության հասցեին: «Առաջին լրատվական»-ը Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դժգոհ են կառավարության աշխատանքից: Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ բյուջեի քննարկմանը բարձրացված հարցադրումները բացարձակ կապ չունեն կառավարության գնահատականների հետ:
«Կառավարությունը իրականացնում է քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի ծրագրերը: Եվ մեր հարցադրումները մեկ նպատակ ունեն՝ որքանո՞վ է կառավարության ներկայացրած ծրագրային քաղաքականությունը այս կամ այլ ոլորտում բխում նախընտրական խոստումներին, որ տրվել են Հանրապետության նախագահի, ՀՀԿ-ի կողմից»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանին տեսնում է քաղաքական գործընթացների գագաթնակետին 2018-ի ապրիլից հետո էլ. «Ըստ էության՝ ապագա վարչապետը պատասխանատվությունների ամբողջ շրջանակով իրավական առումով չի զիջելու այսօրվա նախագահին: Ով այսօրվա գործող անձանց մեջ ավելի արդյունավետ կարող էր դա կատարել, թե ով է ավելի շատ պատրաստ այդ ֆունկցիան իրականացնելու: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը: Ես տեսնում եմ այն վարչապետին, որ պետք է պատասխան տա և՛ տնտեսության զարգացման համար, և՛ միջպետական հարաբերությունների, և՛ անվտանգության համար»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Ամողջությամբ՝ տեսանյութում:








































