«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու համար։ ՀԾԿՀ-ն ներկայումս ուսումնասիրում է հայտը, ջրի ծավալների մոնիտորինգ է անում, որը կավարտվի հաջորդ շաբաթ, և նոյեմբերի վերջին որոշում կկայացվի՝ կթանկանա՞ ջուրը, թե՞ ոչ:
«Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է ՀԾԿՀ։ Թանկացման հայտն էլ բացատրում են ոչ սեփական ցանկություններով։ «Մենք այստեղ գործում ենք 15 տարի վարձակալության պայմանագրով։ Այդ պայմանագրի պայմաններից մեկն այն է, որ մենք ամեն տարի պարտավոր ենք մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման նպատակով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Առաջին տարվա համար սահմանվել էր 180 դրամ սակագինը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Հաջորդ տարվա համար գործելու է այլ սակագին, որի վերաբերյալ հայտը մենք արդեն ներկայացրել ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրենց վարձակալության պայմանագիրը նաև հավելված ունի, որի մեջ սահմանված է, թե ամեն տարվա բազիսային սակագինը ինչքան պետք է լինի։ Իսկ այդ ուսումնասիրությունները ցուց են տալիս, որ նախորդ տարվա բազիսային սակագինը 6 դրամով պետք է բարձրանա։ «6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա։ Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Հիմա մենք այս ամենի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք ՀԾԿՀ, և մինչև նոյեմբերի վերջ իրենք իրենց վճիռը կտան»,- նշեց Սարգսյանը։
Այսինքն՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացումն անհրաժեշտությո՞ւն է համարում՝ հարցրինք․«Ոչ։ Բոլորը անհրաժեշտությունից են խոսում, ես՝ օրենքից։ Օրենքով նշվում է, որ մենք ամեն տարի պարտավոր ենք սակագնի ճշգրտման հայտ ներկայացնել։ Հնարավոր է՝ սղաճ չլինի, հոսանքի սակագինը իջած լինի, և դա պետք է հանգեցնի նրան, որ ջրի սակագինը իջնի։ Սա ճշգրտման հայտ է»,- նշեց ընկերության խոսնակը։
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են իրենք սակագնի ճշգրտման հայտում 14 դրամ սակագինը թանկացնելու պահանջ ներկայացրել, Սարգսյանը արձագանքեց․«Այո, մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և այդ թիվն ենք ստացել։ Կարող է մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնելը՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք՝ կճշգրտեն»։
Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ եթե ՀԾԿՀ-ն սակագնի բարձրացման հայտը չբավարարի, կստացվի, որ իրենք հաջորդ տարի վնասո՞վ են աշխատելու։ «Հայտը չի կարող չբավարարվել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա։ Եթե իրենք ասեն՝ ոչ, կբացատրեն, թե ինչու։ Եթե հիմնավորված լինի այդ «ոչ»-ը, ոչ մի խնդիր։ Դրա արդյունքում ոչ ոք չի տուժի, պարզապես այդ սղաճը թույլ չի տա, որ մենք մեր ներդրումային պարտավորությունները լիարժեք կատարենք։ Մեր ընկերության վիճակը պետք է այնպես լինի, որ սուբյեկտիվ գործոնները մեզ վրա չազդեն, և մենք կարողանանք լիարժեքորեն կատարել վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Մենք տարեկան 6 միլիարդ միայն վարձավճար պետք է տանք պետությանը։ Վարձակալության պայմանագիրը չպետք է տուժի»,- նշեց ընկերության խոսնակը։
Նշենք, սակայն, որ այս տարվա ապրիլին, երբ ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացնում էր խմելու ջրի ոլորտում 2016թ. վերջին «Վեոլիա» ընկերության հետ կնքված պայմանագիրը, նշել էր, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում ջրի սակագնի փոփոխություն չի նախատեսվում՝ չնայած նոր օպերատորի ծրագրով առաջիկա 15 տարում սակագնի փոփոխություն նախատեսվում է՝ աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և վառելիքի սակագների փոփոխությամբ պայմանավորված։
Նշենք նաև, որ ընկերության պայմանագրով նախատեսվում է, որ օպերատորը Հայաստանում գործելու է 15 տարի, որի ընթացքում պետությանը վճարելու է 89 մլրդ դրամ վարձակալության գումար, և առաջիկա 15 տարվա ընթացքում օպերատորի կողմից պարտադիր կատարվելիք աշխատանքների ծավալը լինելու է 37.5 մլրդ դրամ։
Պայմանագրով նախատեսված է, որ օպերատորը պարտավոր է ապահովել ջրամատակարարման տևողության ավելացում, ջրի որակի խախտումների քանակի նվազեցում, ջրամատակարարման ընդհատման ժամանակահատվածի կրճատում և այլն։ Կատարողական ցուցանիշների չապահովումը բերում է պետության կողմից սահմանված տույժ-տուգանքների:









































