Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային տարածությունում և մասնավորապես ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակներում պաշտպանական և անվտանգության համակարգն ամրապնդելու և անդամ պետությունների ինտեգրումը այս համակարգին խորացնելու ուղղությամբ: Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ դա բնական երևույթ է, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջև լուրջ հակասություններ կան ազգային, ռազմաքաղաքական շահերի և անվտանգության ոլորտում, և փաստացի Ռուսաստանը միակ կապող օղակն է այս կառույցում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ փորձագետն այս համատեքստում անդրադարձավ նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս երկրների միջև երկկողմ ձևաչափով զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու ջանքերին:
«Դա բնական է, քանի որ, ըստ էության, ՀԱՊԿ-ը բաժանվում է երեք ուղղությունների, որոնք իրար հետ կապված չեն, և կոպիտ ասած՝ հնարավոր չէ պատկերացնել, որ Ղրղըզստանը կպաշտպանի Բելառուսին կամ հակառակը, դրա համար էլ կազմավորվում են այսպիսի խմբավորումներ տարբեր ուղղություններով, որոնք շատ ավելի ադեկվատ են, քան ՀԱՊԿ-ը ընդհանուր առմամբ: Ռուսաստանը փաստացի միակ կապող օղակն է այս կառույցում: Շատ դժվար է մոտեցնել կամ միավորել մյուս անդամ պետությունների շահերը, և Ռուսաստանը պարզապես փորձում է հարթել այդ հակասությունները և քիչ թե շատ հասնել նրան, որ այդ խնդիրները չափից ավելի ակնհայտ չդառնան, բայց այս երկրները լրջորեն միավորելը շատ դժվար է՝ առնվազն և առաջին հերթին աշխարհագրության պատճառով»,- մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:
Հայտնի է, որ Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը դեռևս 2016 թ. նոյեմբերին են համաձայնագիր են ստորագրել զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին: Փաստաթուղթն արդեն իսկ հաստատվել է Ռուսաստանում և Հայաստանում: Այս ոլորտին առնչվող վերջին տեղեկությունն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Բելառուսի զորքերի համատեղ տեխնիկական ապահովման մասին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը:
Մեկնաբանելով լուրը՝ Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ծանոթ չէ ռուս-բելառուսական ռազմական համագործակցության իրավական նրբություններին, հետևաբար դժվարանում է ասել՝ արդյո՞ք այս համաձայնագիրը ռուս-բելառուսական համատեղ կամ միացյալ զորախմբի մասին է, բայց ընդհանրապես համարվում է, որ Ռուսաստանն ու Բելառուսը ֆորմալ առումով վաղուց են որոշում ընդունել նման խմբավորում ստեղծելու մասին, թեև ակնհայտ չէ, որ այն իրականում գոյություն ունի:
«Անձամբ ինձ համար ակնհայտ չէ, որ այդ զորախումբն իրականում գոյություն ունի: Իմ կարծիքով՝ բելառուսական բանակը շարունակում է մնալ միանգամայն ինքնուրույն ուժ: Իհարկե, պարբերաբար անցկացվում են համատեղ զորավարժություններ, բայց դրանք անցկացվում էին նաև մինչ համատեղ խմբավորման ստեղծումը»,- ավելացրեց ռազմական փորձագետը:










































