Վարդանյանների ընտանիքը շարունակում է գլխավորել Հայաստանի ամենաշատ հարկեր վճարող գործարարների ցանկը: Նրանց ընտանիքին պատկանող 7 ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել են 37 մլրդ 291 մլն դրամի հարկեր: Իսկ խոշոր հարկատուների ցուցակն, ընդհանուր առմամբ, գլխավորել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը՝ անցած 9 ամիսներին վճարելով 32 մլրդ 254 մլն դրամի հարկ: Ընդ որում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 մլրդ դրամով ավելացրել է իր հարկերը: Դա հավանաբար տեղի է ունեցել գազի ներկրման կամ սպառման ավելացման արդյունքում, այս ընթացքում ընկերությունը 20,7 տոկոս ավելի գազ է ներկրել:
Խոշոր հարկատուների երկրորդ հորիզոնականում է Վարդանյանների «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ իր վճարած մոտ 22 մլրդ դրամ հարկերով: Սա այդ ընտանիքի ամենախոշոր ընկերությունն է: Իսկ առաջին եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը վճարել է 18,8 մլրդ դրամ հարկեր: Այս երկու ընկերությունները նույնպես ավելացրել են իրենց հարկերը, առաջինը մոտ 5,5 մլրդ դրամով, ՀԷՑ-ը՝ 4,4 մլրդ դրամով: Նկատենք, որ խոշորագույն այս երեք ընկերություններից երկուսը՝ «Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը հանրային ծառայություններ՝ գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններ են, որոնք թե՛ ուղղակիորեն, թե՛ ամենատարբեր ապրանքատեսակների միջոցով մտնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը:
Խոշոր հարկատուներից 4-րդը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունն է, որը վճարել է 16,16 մլրդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ 103 մլն դրամի փոխարեն: Ստացվում է, որ այս ընկերության միջոցով Ս.Ալեքսանյանը ավելի քան 40 տոկոսով ավելի հարկ է վճարել: Իսկ հարկատուների հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ իր 13,1 մլրդ դրամով, այն դեպքում, երբ 2016թ. հունվար-սեպտեմբերին զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը, վճարել էր մոտ երեք անգամ քիչ՝ ընդամենը 5 մլրդ 185 մլն դրամի հարկեր:
Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատուների այս ցանկը բավականին հետաքրքիր տնտեսական բացահայտումներ կարող է անել: Օրինակ՝ թե հայտնի գործարարներից ում սեփականությունը հանդիսացող ընկերություններն են շատ հարկ վճարել, կամ տնտեսության որ ոլորտներն են ավելի մեծ շրջանառություն ունեցել: Առաջին հարցին դեռ կանդրադառնանք, իսկ ոլորտներից միանգամից հետաքրքրություն գրավեց հանքարդյունաբերությունը: Ինչպես նշեցինք, այս ոլորտում առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որին հաջորդում է 8-րդ հորիզոնականում գտնվող «Թեղուտը»՝ իր 9 մլրդ 137 մլն դրամ հարկերով: «Թեղուտը», սակայն, մոտ 1,6 մլրդ դրամով պակասեցրել է հարկերը: Կտրուկ ավելացրել է հարկերը «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և անցած տարվա 1 մլրդ 783 մլն դրամի փոխարեն՝ այս տարի վճարել է 4 մլրդ 656 մլն դրամ: Հանքարդյունաբերության ոլորտից են նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ 4 մլրդ դրամ, «Արմենիա մայնինգ քոնթրաքթորը»՝ 1,5 մլրդ, «Արմենիա քափըր փրոգրամը»՝ 627 մլն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 587 մլն դրամ հարկերով: Հանքարդյունաբերության այս 6 խոշոր ընկերությունները միասին վճարել են 33,7 մլրդ դրամի հարկեր: Շա՞տ է սա, թե՞ քիչ՝ դժվար է ասել: Անցած տարվա համեմատ շատ է, քանի որ հանքարդյունահանման ու արտահանման ծավալներն են աճել, քանի որ միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գներն են բարձրացել: Եվ հանքարդյունաբերության աճը մեծ տեղ ունի կառավարության ներկայացրած տնտեսական աճի կառուցվածքում: Բայց եթե այն համեմատում ենք այլ ոլորտների հետ, տեսնում ենք, որ Վարդանյաններին պատկանող ընկերությունները շատ ավելի հարկեր են վճարել: Իհարկե, մենք չենք հաշվարկել թե՛ Վարդանյանների, թե՛ հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ընկերությունների վճարած հարկերը: Երկու դեպքում էլ հաշվարկել ենք միայն 6-7 խոշորներին: Բայց հանքարդյունաբերության դեպքում էլ արժի հիշել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությունը, թե իր հաշվարկներով 2018թ. բյուջեում բնապահպանական ռոյալթիներից գրանցվող գումարը ոչ թե 4, այլ 10 մլրդ դրամով պետք է ավելանար: Նա հավելել է, որ կառավարության ներկայացրած ցուցանիշն իր համար արժանահավատ չէ՝ ակնարկելով, որ ոլորտում եղած ստվերային շրջանառությունը պահպանվելու է նաև հաջորդ տարի:
Շարունակելով խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունը՝ նշենք, որ 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Ս.Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգը»: Այս գործարար պատգամավորին պատկանող հաջորդ ընկերությունը 42-րդ տեղում գտնվող «Նատալի ֆարմն» է իր 2 մլրդ 453 մլն դրամով, «Ալեքս Գրիգը» վճարել է 567 մլն դրամ, «Լուս աստղը»՝ 301 մլն, նորաբաց «Ալեքս տեքստիլը»՝ 272 մլն, Սևանի հացի գործարանը՝ 239 մլն դրամ: Լայն սպառման ապրանքների ներկրման, սպառման ու թանկացման մենաշնորհներ ունեցող Ս.Ալեքսանյանը, փաստորեն, չի փայլում հարկեր վճարելու գործելաոճով: Որոշ ոլորտներում՝ օրինակ, շաքարավազի, ալյուրի, կարագի և այլ ապրանքների ներկրման ու իրացման դեպքում կարելի է այս պատգամավորին համարել հանրային ծառայություններ մատուցող բիզնեսմեն, քանի որ «Գազպրոմ-Արմենիայի», ՀԷՑ-ի նման նա նույնպես մտնում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանը: Բայց նրա այս ընկերություններն այս տարի վճարել են ընդամենը 20 մլրդ դրամ:
Հաջորդ ազդեցիկ գործարարը հավանաբար Գագիկ Ծառուկյանն է, ում պատկանող մի քանի ընկերություններ նույնպես հայտնվել են խոշոր հարկատուների ցանկում: Դրանցից առաջինը «Օնիրա քլաբն» է, որը վճարել է 3 մլրդ 556 մլն դրամ: Հաջորդը «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատն» է՝ 858,2 մլն, «Մուլտի լեոնը»՝ 226,1 մլն, «Մուլտի մոթորսը»՝ 113,3 մլն, «Մուլտի գազը»՝ 101 մլն և «Արարատ ցեմենտը»՝ 591,5 մլն դրամ հարկերով: Ծառուկյանին պատկանող այս ընկերություններն էլ մի փոքր ավելացրել են իրենց հարկերը, իսկ միայն նշվածները միասին վճարել են 5,5 մլրդ դրամ: Իհարկե, Գ.Ծառուկյանն ունի նաև «Մուլտի ստոուն», «Մուլտի ռեստ հաուզ», «Մուլտի Ուելնես» և այլ ընկերություններ, բայց դրանք մյուսների նման խոշոր հարկատուներ չեն:








































