Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է սպառողի համար ձևավորվում գազի միջին սակագինը: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Միքայել Սողոմոնյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ է գազի սակագինը սպառողների համար թանկ, երբ Հայաստանը ՌԴ-ից գազ է ձեռք բերում տարածաշրջանում ամենացածր սակագնով, նշեց, որ սահմանին ՀՀ-ն ՌԴ-ից գազ է ձեռք բերում 150 դոլարով, որին գումարվում է ընկերության մարժան, որտեղ մտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ողջ ծախսերը: «Այդ ծախսերը 42.3 դոլարին համարժեք դրամ են: 11.7 դոլարի չափ գնահատվում են կորուստները, 51 դոլար էլ ավելացված արժեքի հարկն է»,- պարզաբանեց Սողոմոնյանը:
Նա հավելեց, որ նշված թվերը գումարելու դեպքում ստացվում է 255 դոլար միջին վաճառքի գինը, որով «Գազպրոմ Արմենիա»-ում ձևավորված է: «Սա հաշվարկված է միջազգայնորեն ընդունված մեթոդոլոգիայով: Խոսքն անհրաժեշտ հասույթի ապահովման մեթոդոլոգիայի մասին է: Այլ գործիքներ չկան, որ այստեղ կիրառվեն: Սա այն անհրաժեշտ հասույթն է ապահովում, որպեսզի ընկերությունը կարողանա ապահովել բնականոն գործունեությունը»,- պարզաբանեց Միքայել Սողոմոնյանը:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ հավելեց, որ սահմանին ՀՀ-ն 150 դոլարով գազը ձեռք է բերում, սակայն դրան հետո ավելացվում է ավելացված արժեքի հարկը, որն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 51 դոլար:









































