Սեպտեմբերի վերջին աղմուկ էր բարձրացել Քանյե Ուեսթի և Ջիմի Քիմելի միջև տեղի ունեցած միջադեպի շուրջը: Ռեփերը լուրջ վիրավորվել էր հաղորդավարի շոուի ժամանակ իր նմանակումից և ողջ կատաղությունն արտահայտել էր Twitter-ում: Երեկ Քանյեն դարձել է Jimmy Kimmel Live-ի շոուի հյուրը, որտեղ նրանք քննարկել են իրենց վերջին վեճը:
Հիշեցնենք, որ սկանդալային պատմությունը սկսվել էր անցած ամիս, երբ Ուեսթն անկեղծ հարցազրույց էր տվել BBC Radio 1-ին, որտեղ իրեն անվանել էր «մոլորակի գլխավոր ռոք-աստղ» և համեմատվել էր Մայքլ Ջեքսոնի հետ:
Քիմելը հեգնել էր նրա այս վարքագիծը և իր հաղորդման մեջ նմանակման տեսանյութ էր հրապարակել, որտեղ Ուեսթի բառերով խոսում էր մի երեխա:
Քանյեն կատաղել էր, և Twitter-ում սկսել էր մեկը մյուսի հետևից գրառումներ անել՝ Ջիմիին մեղադրելով ընկերոջը, այսինքն իրեն դավաճանելու մեջ:
Պատմության շարունակությունը կամ ավարտը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Ջիմին դարձյալ հյուրընկալում էր ռեփերին, ով ժպտում էր և շատ կատակում: Քանյեն ներողություն չի խնդրել իր խոսքերի համար:









































