Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ սկսվում է Կարեն Վխկրյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 31-ամյա Կարեն Վխկրյանը 2013 թվականի փետրվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում վարելով իրեն պատկանող «BMW 525» մակնիշի ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրավիճակ, թույլ է տվել ՃԵԿ-ի 65, 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել հանդիպակաց ուղեմասի հարակից մայթ և այնտեղ վրաերթի ենթարկել հետիոտներ Թ. և Ն. Ուղուրլյաններին: Վրաերթից հետո Կարեն Վխկրյանը դիմել է փախուստի՝ թողնելով դեպքի վայրը ու վրաերթի ենթարկված մարդկանց:
Տուժածները տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ Թ. Ուղուրլյանը ստացած վնասվածքներից մահացել է: Վրաերթի արդյունքում Ն. Ուղուրլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Կարեն Վխկրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:
Կարեն Վխկրյանի խափանման միջոցը կալանավորումն է:









































