«Զինվոր» համակարգող խորհուրդը զինակոչիկների ծնողների կողմից ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ՝ կապված իրենց որդիների առողջական խնդիրների հետ։
«Ամենաշատ առողջական խնդիրը, որ ծնողները չեն իմացել, որ իրենց տղան ունի առողջական խնդիր, դա դիստոպիա հիվանդությունն է՝ երիկամների բարձր ու ցածր, մեծ ու փոքր լինելը, և երիկամների ֆունկցիայի խանգարումը որոշելու համար հարկավոր է եղել անցնել համապատասխան հետազոտություն, որով կորոշվեր՝ կա՞ երիկամների մեջ ախտաբանական փոփոխություն, թե՞ ոչ։ Ունեմ բազմաթիվ ծնողներ, որոնց երեխաները դիստոպիայով զորակոչվել են բանակ, քանի որ երիկամների ֆունկցիան խանգարված չէր։
Բացի դրանից, շատ են եղել նաև սրտի ռիթմի խանգարումներ ունեցող երիտասարդներ, նրանց ծնողների կողմից ևս դիմումներ ենք ստացել։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին ծնողները նախապես տեղյակ չեն եղել, չեն իմացել, և իրենց տղան էլ գանգատներ չի ունեցել, հասունացման ժամանակահատվածում են դրանք ի հայտ եկել, օրինակ՝ հիպերտոնիկ են եղել, այսինքն՝ ճնշումը մեկ բարձրանում է, մեկ ցածրանում:
Սրանից բացի, կան դիմումներ զինակոչիկի գիշերամիզություն հիվանդության հետ կապված, որը որոշ դեպքերում չի ապացուցվել, քանի որ ծնողը ոչ մի բժշկական փաստաթուղթ չի ունեցել, որ կարողանա ապացուցել իր որդու հիվանդությունը, և նմանատիպ բազմաթիվ այլ բողոքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ անդրադառնալով ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրներին։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ անկախ այն հանգամանքից, որ զինակոչիկներից ոմանք, իրականում ունենալով առողջական լուրջ խնդիրներ, այդուհանդերձ, զորակոչվում են բանակ, տիկին Խաչատրյանը պատասխանեց. «Մի կողմից՝ մտածում եմ, որ մեր հայրենիքը պաշտպանության կարիք ունի, մի կողմից՝ մտածում եմ, որ հիվանդ երեխաները բանակ չզորակոչվեն, բայց մյուս կողմից էլ՝ մենք այսօր բանակում զինվորների քանակի ապահովման խնդիր ունենք»։
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև բանակում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերին, ինչպես նաև պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի պաշտոնանկությանը և վերջինիս ԱԻ փոխնախարար նշանակելուն։
Մանրամասները՝ տեսանյութում։








































