Ամերիկյան Նևադա նահանգում Burning Man («Այրվող մարդ») փառատոնի ժամանակ 41-ամյա տղամարդ է զոհվել։ Այս մասին ասվում է միջոցառման կայքում։
Տղամարդն ընկել է վառվող կոնստրուկցիաներից մեկի մեջ և ստացված այրվածքներից մահացել հիվանդանոցում։
«Ընտանիքը տեղեկացվել է նրա մահվան մասին։ Burning Man-ի վարչակազմն աշխատում է տեղի և դաշնային իրավապահ մարմիների հետ, տղամարդու մահվան հետաքննությունը շարունակվում է»,-հաղորդվում է կայքում։
Կիրակի տեղի ունեցած միջադեպից հետո փառատոնի կազմակերպիչները չեղարկել են ծրագրված միջոցառումները, սակայն հիմնական ինստալյացիայի ամփոփիչ հրդեհումը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը։
Ավելի քան 70 հազար մարդ էր հավաքվել օգոստոսի վերջին կայացած Burning Man փառատոնին, որն անցկացվում է 1990 թվականից։











































