Ճապոնիայի տնտեսության պատմության մեջ Տոկիոյի ֆոնդային բորսայում գրանցված ընկերությունների բաժնետերերի ապրիլ-սեպտեմբեր ամիսների միջանկյալ շահաբաժնի վճարումը կլինի ռեկորդային: Այն անցած տարվա համեմատ կավելանա 20 տոկոսով և կգերազանցի 2.9 տրիլիոն իենը (29.6 մլրդ դոլար): Այս մասին են վկայում երկրի առաջատար գործարար Nikkei թերթում այսօր հրապարակված հետազոտական տվյալները:
Այդ գումարը գերազանցում է 2008-ի ապրիլ-սեպտեմբերի ռեկորդը՝ 2.7 տրիլիոն իեն: Նախկին ռեկորդը սահմանվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեկնարկի նախաշեմին: Ընդհանուր առմամբ ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի 2014-ի մարտի 31-ին, բաժնետերերի շահաբաժինների ֆոնդը, փորձագետների հաշվարկներով՝ նույնպես կհասնի ռեկորդային գումարի՝ 6.5 տրիլիոն իեն (ավելի քան 66.3 մլրդ դոլար):
Վճարումների ավելացումը վկայում է Ճապոնիայում ընկերությունների եկամուտների զգալի մեծացման մասին: Ճապոնիան այս տարի մտել է բավականին նկատելի տնտեսական աճի շրջան: Առաջին երկու եռամսյակներում աճի ցուցանիշը 3 տոկոսով գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:









































