ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ՝ օգոստոսի 30-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի սկզբում ընդգծել է, որ մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը։ Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:
«Մի քանի տարբեր ուղղություններով փոփոխություններ կլինեն: Խորհրդարանը հաջորդ քառօրյայից կսկսի քննարկել այլ նախագծեր, որոնք բխում են սահմանադրական կարգավորումներից»,- հայտնեց Արփինե Հովհաննիսյանը:
Ա. Հովհաննիսյանը անդրադարձավ նաև դատարանների բեռնաթափման գործընթացին,նշելով. «Գործերը դատավորների միջև պետք է բաշխվեն հավասար ձևով: Դատական օրենսգիրքը պարունակում է բացառություն, շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում՝ դատարանների նախագահի, արդարադատության խորհրդի կարգապահական էթիկայի հանձնաժողովի անդամների համար կան բացառություններ՝ թույլատրվում է քսանհինգ տոկոս արտոնություն: Արդյունքում կան դատարանների նախագահներ և դատավորներ, որ ունեն 85-90 տոկոս արտոնություն:
Հարցին, թե դատավորների նկատմամբ քրեական գործերի հարուցումը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում էր, պատգամավորը նշեց. «Ես առհասարակ զերծ եմ մնում ինչ-որ խորագրի ներքո տեղավորելուց: Ճիշտ չէ: Փաստ է, որ եղել է, իրավապահ մարմինները տվել են իրենց արձագանքը և լավ չէ, որ դատական համակարգում նման իրավիճակ է»:
Անդրադառնալով ԱՄՆ դեսպան Միլսի օրերս տված հարցազրույցին, Ա. Հովհաննիսյանը նկատեց. «Կոռեկտ չէ գուշակել, թե ինչ է նկատի ունեցել հարգարժան դեսպանը, ժամանակը ցույց կտա, թե ինչ նկատի ուներ: Հայաստանն իր որոշումներով և ժողովրդավարության բռնած ուղիով ամեն ինչ անում է ցույց տալու, որ ինքնիշխան պետություն է»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու խնդրին և առաջարկել ընդունել ԱՄՆ-ի կողմից տրվող այն գործիքները, որոնք էլ ավելի կնպաստեն ՀՀ-ի ինքնիշխանությանը:









































