Կառավարության որոշմամբ՝ 280 մլն դրամ ուղղվել է դիալիզով հիվանդներին օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչը ենթադրում է մոտ 11 հազար այցելություն 200 հիվանդի օգնելու համար, լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Վերջինս ընդգծեց, որ հասարակության շրջանում դժգոհություններն առաջացել են կառավարության որոշումից մեկ շաբաթ անց, ինչը փաստում է հասարակության անտեղյակ լինելու մասին:
Դիտարկմանը, թե այդ դեպքում արդյոք «Աստղիկ» ԲԿ-ն ինքնագործունեությամբ չի զբաղվել՝ բուժծառայության համար գումար պահանջելով, նախարարը նշեց.
«Ներքին խնդիրներով համապատասխան ատյաններն են զբաղվում, ես չեմ զբաղվում այդ հարցերով: Որպես նախարար՝ ես մտահոգ եմ բնակչության առողջության համար, ոչ թե թերազեկումների աղբյուրների մասին տեղեկությունների»:









































