Սիրիայի գործող նախագահի վաղաժամկետ հրաժարականի հարցը օրակարգում չէ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը:
«Ասադը կմնա Սիրիայի օրինական նախագահը մինչև երկրի ղեկավարի ընտրությունները, որոնք տեղի կունենան 2014թ. կեսերին: Ոչ ոք չպետք է կասկածի»,- ասել է Մուալեմը Sky News Arabia-ին տված հարցազրույցում:
Նա չի պատասխանել այն հարցին, թե Ասադը կմասնակցի՞ արդյոք կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ՝ հաղորդում է RIA Novosti-ին:
ԱԳ նախարարը հաստատել է, որ կառավարությունը պատրաստ է մասնակցել «Ժնև-2» համաժողովին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Միևնույն ժամանակ նա կտրուկ քննադատության է ենթարկել օտարերկրյա ընդդիմությանը՝ Ազգային կոալիցիայի տեսքով, որին աջակցում են արևմտյան ու արաբական երկրները:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ սիրիական ներքին ընդդիմությունը հետապնդում է ազգային շահեր և պետք է ներկայանա Ժնևի համաժողովին:









































