ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում ՌԴ-ի դիվանագիտական ունեցվածքի վրայից կալանքի հանման մասին հարցը և կարող է գնալ նման քայլի, եթե Մոսկվան Սիրիայի հարցով ազնիվ մտադրություններ դրսևորի։ Այս մասին CNN-ի եթերում հայտնել է Սպիտակ տան ղեկավարի օգնականի տեղակալ Սեբաստիան Գորկան։
«Մենք ցանկանում ենք փոխգործակցության և համագործակցության հնարավորություն տալ»,-հայտարարել է Գորկան։
«Փաստը նրանումն է, որ մենք, հավանաբար, չենք կիսում նույն փիլիսոփայությունը, նույն աշխարհայացքը, սակայն կան մի շարք թեմաներ, որոնք երկուստեք անհանգստություն են առաջացնում»,-ասել է նա։
Ամերիկյան կողմը Ռուսաստանին դիվանագիտական ունեցվածքը վերադարձնելու հարցը կապել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունների կատարման հետ։





































