Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սայթաքումներ է ունեցել։
Ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չտվեց՝ ասելով, որ դեռ միջնորդություն ներկայացնելու փուլը չէ։ Լուսինե Սահակյանը նշեց, որ իր միջնորդությունը ներկայացնելու է:
«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ես ասում եմ` չշարունակեք»,-այսպես դիմեց Արտուշ Գաբրիելյանը պաշտպանին, ինչին հաջորդեց ներկաների քրքիջը։
Այնուհետև դատավորն ասաց, որ գնում է խորհրդակցական սենյակ` նրանց խափանման միջոցը որոշելու, սակայն ինքն իրեն ուղղեց և ասաց. «Հեռանում եմ խորհրդակցական սենյակ՝ Ձեր վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու»:
Ընդմիջում հայտարարվեց։
Այսօրվա նիստին դահլիճում են ամբաստանյալ Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը և Հովհաննես Հարությունյանը: Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար և հեռացրել նիստերի դահլիճից:
Լուսանկարը՝ Photolure-ի







































