62-ամյա Փոլ Կարասոնը, ով հայտնի էր դարձել իր մաշկի գույնի շնորհիվ, սեպտեմբերի 23-ին կաթվածի հետևանքով մահացել է Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում:
Կարասոնը ճանաչում էր ձեռք բերել մաշկի կապույտ գույնի շնորհիվ, որի պատճառը 10 տարի շարունակ արծաթ պարունակող դեղամիջոցներ օգտագործելն էր: Դրանց օգնությամբ տղամարդը փորձում էր բուժել դեմքի դերմատիտը:
Կարասոնը շատ մեկուսացած էր ապրում, մինչև որ 2008 թ. չհայտնվեց NBC հեռուստաալիքի Today Show-ին:
«Դեմքի գույնի պատճառով նրան Սմուրֆ Հայրիկ էին կոչում»,- մահացածի այրու խոսքերն է փոխանցում Mail Online-ը:
Արծաթը հակաբակտերիալ հատկություններ ունի և օգտագործվում է վարակների դեմ պայքարելու համար: Սակայն այն գործածությունից դուրս է եկել պենիցիլինի հայտնաբերումից հետո, որն ավելի արդյունավետ է գործում: Արծաթ պարունակող դեղամիջոցներն արգիրոզ կարող են առաջացնել, որի պատճառով մարդիկ մինչև կյանքի վերջը մաշկի կապույտ գույն են ունենում:











































