Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում ռուս-վրացական բանակցության հերթական փուլից հետո հայտարարել են Աբխազայի և Հարավային Օսիայի տարածքով հաղորդուղիների բացման վերաբերյալ պայմանագրի իրագործման հարցում առաջընթացի մասին:

Պայմանագիրը, որ կնքվել է դեռևս 2011 թվականին, բախվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին: Վրաստանը չի ընդունում տարբերակ, երբ այդ չճանաչված հանրապետությունները կդառնան պայմանագրի մասնակից: Դա կնշանակի ճանաչել: Եվ ահա կողմերը հայտարարում են, թե եկել են տարբերակի, երբ պայմանագիրը դիտարկվում է բացառապես ՌԴ-ի ու Վրաստանի միջև, և երրորդ կողմ կարող է լինել Շվեյցարիան՝ SGS ընկերության միջոցով: Աբխազիային և Հարավային Օսիային առնչվող գործառույթներն ըստ ամենայնի կփոխանցվեն այդ ընկերությանը, ինչով էլ թերևս հարցը փորձ կարվի լուծել, և բեռների հատման սահման կլինի ոչ թե վրաց-օսական կամ վրաց-աբխազական սահմանը, այլ հենց Ռուսաստանի սահմանը:
Որքանո՞վ է ամուր և կայուն այդ մեխանիզմի շուրջ կողմերի պայմանավորվածությունը՝ ասելն, իհարկե, բարդ է: Առաջընթացի մասին հայտարարվել էր նաև ամիսներ առաջ՝ Պրահայում բանակցության նախորդ փուլերից մեկում: Արդյո՞ք ներկայումս նոր առաջընթացի մասին է խոսքը, թե՞ իրականում բանը միայն խոսքն է, իսկ գործի դեռևս չի վերածվել անգամ նախորդ առաջընթացի մասին հայտարարությունը: Այդ հարցին թերևս կարող են առավել լավ պատասխանել բանակցության մասնակիցները կամ դրան մանրամասն հետևող փորձագետները: Սակայն նկատելի է, որ զուտ հայտարարությունների մակարդակում այս անգամ խոսվում է առաջիկայում ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ ձևավորելու և պայմանագրի արդեն մանրամասները քննարկելու մասին:
Իրականում, ըստ ամենայնի, բանն առնչվում է առնվազն մի քանի տարի պահանջող երևույթի, և քիչ է հավանականությունը, որ աբխազական կամ օսական հաղորդուղիները՝ ավտոճանապարհ կամ երկաթուղի, կարող են բացվել մոտ ապագայում: Բայց միտումը, եթե այն իրապես անկեղծ, ոչ մանիպուլյատիվ քաղաքական գործընթաց է, կարող է ունենալ հեղափոխական նշանակություն Կովկասի համար: Ավտոճանապարհների պարագան առավել դյուրին է, քանի որ երկաթուղին թերևս պահանջելու է ոչ միայն քաղաքական որոշում, այլ նաև զգալի ներդրումներ վերականգնման համար:
Բայց, այդուհանդերձ, պակաս կարևոր չէ միտումը, որ դրսևորում են Ռուսաստանն ու Վրաստանը՝ գտնել քաղաքական խնդիրների չկարգավորվածության պարագայում տարաձայնությունը շրջանցելու բանաձև և գնալ տնտեսական ենթակառուցվածքների և հարաբերության վերականգնման: Կասկած չկա, որ այդ բանաձևն ունենալու է բավականին լուրջ դիմադրություն, օրինակ՝ Թուրքիայում և Ադրբեջանում: Կա երկու ասպեկտ՝ այն էապես կնվազեցնի այդ երկու երկրների ազդեցությունը Վրաստանի վրա:
Մյուս կողմից՝ ռուս-վրացական համաձայնությունը կարող է բերել Կովկասում Հյուսիս-Հարավ միջանցքի հեռանկարի առավել շոշափելիացման, ինչն էլ իր հերթին կնշանակի Հայաստանի շրջափակման թուրք-ադրբեջանական քաղաքականության տապալում: Ըստ այդմ, պետք է սպասել, որ թե Անկարան, թե Բաքուն կներդնեն լոբբիստական զգալի ջանք՝ ռուս-վրացական միտումը արգելակելու համար՝ աշխատելով թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Աբխազիայի և Օսիայի տարբեր շրջանակների հետ և փորձելով ձևավորել դիմադրություն:
Այդուհանդերձ, եթե Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական իշխանություններն իսկապես տրամադրված են գնալ այդօրինակ համաձայնության, ինչն անկասկած կարող է որոշակիորեն բխել երկու կողմերի շահից, ապա թուրք-ադրբեջանական լոբբինգը անկասկած չի կարող լրջորեն արգելակել գործընթացը:
Ուշագրավ է, թե ինչ վերաբերմունք կունենան դրան Իրանն ու Արևմուտքը: Պետք է ենթադրել, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը կողջունեն ռուս-վրացական համաձայնությունը: Ավելին, հազիվ թե Թբիլիսին գնար այդօրինակ պայմանավորվածության, եթե համոզված չլիներ Արևմուտքի դրական վերաբերմունքի հարցում: Ի վերջո, եթե Ռուսաստանը Կովկասում գալիս է հարաբերության այնպիսի դաշտ, որտեղ գերական շանտաժն ու մանիպուլյացիան չեն, որոնք կազմում են ՌԴ տարածաշրջանային ռազմավարության գործիքակազմի առանցքը, ապա դա ողջունելի է ընդհանուր միջազգային անվտանգության տեսանկյունից:
Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորումը ողջունելի պետք է լինի նաև Իրանի համար, թեև այստեղ, իհարկե, Իրանն ըստ երևույթին զգուշավոր կլինի, քանի որ միջանցքը մի կողմից՝ հնարավորություն է իր համար, մյուս կողմից՝ կարող է մեծացնել Ռուսաստանի խաղային հնարավորությունը: Ավելի հավանական է, որ Իրանը պարզապես կհետևի և որպես այլընտրանք կփորձի աշխատել Ադրբեջանի հետ տնտեսական հաղորդուղիների ուղղությամբ՝ էապես չդիմադրելով ռուս-վրացական համաձայնության հնարավորությանն ու հեռանկարին:
Ավելորդ է խոսել Հայաստանի համար հեռանկարի անհրաժեշտության մասին, թեև հստակ է, որ դա Հայաստանին կարող է օգտակար լինել ավելի շատ քաղաքական, քան տնտեսական առումով: Հայաստանի տնտեսության հեռանկարային խնդիրը ոչ թե դեպի ռուսական շուկա կայուն և էժան ճանապարհ գտնելն է, այլ շուկաները դիվերսիֆիկացնելը, տնտեսության կառուցվածքը դիվերսիֆիկացնելը, այլընտրանքներ գտնելը: Դա չի նշանակում, որ ճանապարհը չի փոխի ոչինչ: Կփոխի շատ բան, բայց Հայաստանի տնտեսական համակարգի երկարաժամկետ հեռանկարի փոփոխությունը կախված է հիմնարար այլ քայլերից, որոնք ռուս-վրացական հաղորդուղիներում չեն:
Քաղաքական առումով, եթե Ռուսաստանը գոնե մի ուղղությամբ տարածաշրջանում մտնի կառուցողական և ողջախոհ գործողությունների դաշտ, Հայաստանը կարող է շահել: Անկասկած, ռուս-վրացական համաձայնությունը քաղաքական կարևոր նշանակություն կունենա թուրք-ադրբեջանական շրջափակման եթե ոչ՝ տապալման, ապա էական թուլացման հարցում: Եվ, ի վերջո, ռուս-վրացական համաձայնությունը կարող է ստեղծել նախադեպ՝ որպես բանաձև, հատկապես, երբ այդ մոդելը հայ-ադրբեջանական քաղաքական խնդրի հանդեպ կիրառման համար դեռևս մեկուկես տասնամյակ առաջ առաջարկել է հենց հայկական կողմը՝ քաղաքական անհամաձայնությունները չդարձնել տնտեսական հարաբերության խոչընդոտ: Բաքուն մերժել է այդ մոդելը, թեև չի բացառվում, որ այդ մոդելը կարող էր մերժելի լինել անգամ Ռուսաստանի համար, որը քաղաքական հակամարտությամբ կառավարում է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը:
Այդ դեպքում հարց է ծագում՝ կգնա՞ Ռուսաստանն իր համար անցանկալի նախադեպի ստեղծման: Այդ հարցն, իհարկե, չունի հստակ պատասխան, թեև մյուս կողմից՝ տվյալ դեպքում Ռուսաստանը կարող է գնալ իր համար, բայց, ինչպես միշտ, արգելակել Հայաստանի համար հնարավոր էֆեկտները:










































