«Առաջին անգամ չէ, որ Կոստանյանը նման հայտարարություններ է անում։ Մենք նախկինում էլ հանդիպել ենք նրա հետ և գիտենք, որ քրեական գործերը, իրոք, առանձնացված են։ Ի դեպ, ուզում եմ նաև նշել, որ այս 9 տարվա ընթացքում մեր երեխաների գործը քննող արդեն 4-րդ քննիչն է փոխվել։ Վերջին անգամ քննիչի հետ հանդիպել եմ շուրջ 3-4 տարի առաջ, և նա ինձ ասում էր՝ դե պատմեք՝ ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, այսինքն՝ իրենք չգիտեն, թե ինչ է եղել, մենք պետք է նրանց պատմենք: Նույն հարցերն էին տալիս, որոնց մենք նախկինում էլ բազմիցս պատասխանել ենք… Ոչ մի նորություն, ոչ մի առաջընթաց չկա, ուղղակի սրանք գործը թաքցնում են։ Դա բացահայտված գործ է, պարզապես Բաղրամյան 26-ից հրահանգ չունեն, որ բացահայտեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց 2008-ի մարտիմեկյան սպանդի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործը 10 մասի բաժանելու նպատակն էր ավելի արդյունավետ քննություն ապահովելը, քանի որ գործերի առանձնացումը՝ քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին, հնարավորություն է տալիս ավելի առակայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան, և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել։
Կոստանյանի պնդմամբ՝ մարտի 1-ի գործը արհեստական չի ձգձգվում, այլ պատճառն այն է, որ շատ հանգամանքներ անհայտ են և բացահայտման կարիք ունեն:
Այս համատեքստում Սարգիս Քլոյանը համոզմունք հայտնեց, որ ինը տարին բավարար ժամանակահատված էր այդ հանգամանքները բացահայտելու համար։
«Մեզ ոչ մի քննիչ ոչ մի բան չի ասում։ Ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, պահանջում եմ իրենցից, թե ինչո՞ւ չեք բացահայտում «Մարտի 1»-ը, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը հազար անգամ ասել է, որ ամեն տեղից սիրողական տեսախցիկներով կան նկարահանված տեսանյութեր, հեռուստալրագրողների նկարածները կան, բա ի՞նչ եղան էդ տեսանյութերը։
Էդ ոնց է, որ ամեն ինչը բացահայտվում է, բացի այս սպանություններից։ Եթե նրանք ուզենային, ապա ընդամենը մեկ տարվա մեջ կարող էին բացահայտել «Մարտի 1»-ը, բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ եթե դա անեն, ապա հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվելու են բանտախցերում, ու մեղավորների կծիկը բացվելու է։
Այս իշխանությունն է սպանել մեր երեխաներին, ո՞նց կարող են իրենց նստած ծառի ճյուղը կտրել, չէ՞ որ այդ ծառից կընկնեն գետնին։ Իրենք են սպանել ու իրենք էլ չեն ուզում բացահայտել»,- ընդգծեց Սարգիս Քլոյանը։
Նկատենք, որ Գևորգ Կոստանյանը նաև հավաստիացնում է, թե իր պաշտոնավարման ժամանակ ինքն ամեն ինչ արել է՝ «Մարտի 1»-ի գործով քննությունն արդյունավետ ապահովելու համար:
Պարոն Քլոյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նա արժանահավատ համարում նախկին գլխավոր դատախազի այսպիսի հայտարարությունը։
«Դա Գևորգ Կոստանյանի կողմից ընդամենը շոու էր, որպեսզի ցույց տա հանրությանը, Եվրոպային, ՄԻԵԴ-ին, թե, տեսեք, որ մենք քրտնաջան աշխատում ենք բացահայտման ուղղությամբ։ Տարիներ առաջ մինչև անգամ Սերժ Սարգսյանն էր ուժային կառույցներին հրահանգել, որ «Մարտի 1»-ը բացահայտեն։ Եթե հանրապետության նախագահը դա ճիշտ էր ասում, բլեֆ չէր անում, ապա իրենք ուղղակի պարտավոր էին նախագահի հրամանը կատարել։ Այնպես որ՝ այս ամենը շոու է, ուրիշ ոչինչ»,- պատասխանեց նա։
Մարտիմեկյան զոհերի հարազատները որևէ հավատ չունեն նաև ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդեպ, թեպետ վերջինս իր հերթին հայտարարել է, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ դրա բացահայտման և ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
«Արթուր Դավթյանը մեկ տարի է արդեն, ինչ հանրապետության գլխավոր դատախազն է և այդ պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո ասում էր, թե «Մարտի 1»-ի բացահայտումն իր առաջնահերթություններից է։
Դրանից անցել է մեկ տարի, բայց ոչ մի քննիչ, ոչ մի դատախազ մեզ չի հրավիրել ՀՔԾ, մինչդեռ նրանք պարտավոր են ամեն անգամ մեզ ներկայացնել, թե գործը կոնկրետ ինչ փուլում է, համապատասխան ինչ աշխատանքներ են տարվում, որովհետև մենք՝ որպես տուժողների իրավահաջորդ, իրավունք ունենք դա իմանալու և քննիչներից պահանջելու, որպեսզի իրենց գործը պատշաճ ձևով կատարեն։
Անձամբ իմ որդուն՝ Գոռին, սպանել են «Չերյոմուխա 7» տեսակի զենքով, որից եղել է ընդամենը 4 ոստիկանի ձեռքում: Անգամ տեսանյութը կա, որ կրակողներից մեկը դեմքը փակ պատմում է, ես էլ իմ ձեռքով գրել եմ, թե ով է սպանել իմ տղուն, ով է հրահանգ տվել, որ կրակեն, բա ինչո՞ւ գոնե մի անգամ ինձ չեն ասում՝ Սարգիս, դու կեղծ ցուցմունք ես տալիս կամ սուտ մատնություն ես անում։
Թե՛ Կոստանյանը, թե՛ Արթուր Դավթյանը իմիտացիա են անում, որ իրենք գործ են արել, բայց առ այսօր նրանք բոլորին անխտիր միայն խաբում են ու խաբում»,- վրդովված նշեց Սարգիս Քլոյանը։
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների միակ հույսը ՄԻԵԴ-ն է, քանզի հայաստանյան արդարադատությանը նրանք ո՛չ հավատում են, ո՛չ ապավինում։
Լուսանկարը՝ Photolure-ի







































