Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի անդամների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: այն ստեղծվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, նրա 2011 թվականի մարտի 28-ի կարգադրության հիման վրա՝ որպես ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից խորհրդակցական հասարակական մարմին:
Մայիսի 31-ին Երիտասարդական խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովները գումարել էին առաջին նիստերը, որոնց ընթացքում ընտրվել էին հանձնաժողովների նախագահներ:
Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում էին հավաքվել Երիտասարդական խորհրդարանի 131 պատգամավորները՝ Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացիներ, ովքեր նորաստեղծ կառույցի անդամ էին դարձել ինքնաառաջադրման կարգով, խորհրդարանական կուսակցությունների ներկայացմամբ, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների կողմից:
Իրենց մանդատները Երիտասարդական խորհրդարանի անդամները ստացան անձամբ Ազգային ժողովի նախագահից: Ողջունելով Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին և շնորհավորելով նրանց ՝ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Երիտասարդական խորհրդարանի հարգելի պատգամավորներ,
Սիրելի երիտասարդներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը ինչ-որ ժամանակով նաև ձեր գործունեության վայրն է դառնալու: Համոզված եմ, որ դուք շարունակելու եք արդյունավետ օրենսդրական աշխատանքի այն ավանդույթները, որ ձևավորված են այս կառույցում: Հուսով եմ, որ ձեր աշխատանքը կընթանա համերաշխության, հանդուրժողականության ու բազմակարծության մթնոլորտում՝ անկախ այս կամ այն հարցի վերաբերյալ ձեր ունեցած դիրքորոշումից ու ձեր ներկայացրած քաղաքական ուժի կողմնորոշումից:
Հարգելի երիտասարդ գործընկերներ,
Երբ նախաձեռնում էինք Երիտասարդական խորհրդարանի ստեղծումը, մտադրություն ունեինք այն դարձնել ինքնաարտահայտման ազատ ամբիոն հասարակության մի կարևորագույն հատվածի համար՝ ի դեմս երիտասարդության: Հաշվի առնելով դիմումների այն հսկայական հոսքը և այն ակտիվությունը, որ կար թեստավորման թափանցիկ գործընթացի ժամանակ, կարող ենք արձանագրել, որ գաղափարը բավական լայն արձագանք է ստացել և բոլոր հնարավորությունները ունի լիարժեք կյանք ստանալու: Շատ ուրախալի է, որ և մարզային ընդգրկվածության, և քաղաքական ուժերի բազմազանության առումով համայնապատկերը բավական լայն է, ինչը վկայում է, որ Երիտասարդական խորհրդարանը կարող է դառնալ նաև հասարակական համերաշխության ինքնատիպ օրինակ:
Հարգելի գործընկերներ,
Արագ փոփոխվող աշխարհը պահանջում է համարժեք արձագանքել երևույթներին և իրադարձություններին: Սա մեծ հնարավորություն է ընձեռում և ինչ- որ տեղ նաև պարտադրում է յուրաքանչյուր կարողունակ անձի ինքնադրսևորվել, բացահայտել ու ցուցադրել իր հնարավորությունները ու գործնականում օգտագործել դրանք:
Արդի տեխնոլոգիաները բազմաթիվ ճանապարհների ընտրության հնարավորություն են տալիս, բայց գիտելիք չունեցող մարդու համար այդ ճանապարհներից որևէ մեկով անցնելը նույնն է, ինչ խավարում առանց լույսի խարխափելը: Ժամանակը իր պայմաններն է առաջադրում գիտելիքների անհրաժեշտ պաշար ունենալու համար, հիմնավոր գիտելիքների, որովհետև կառուցվող տան ամուր հիմքը նրա հուսալիության երաշխիքն է:
Երիտասարդական խորհրդարանն այն վայրն է, որտեղ դուք կարող եք լիարժեք օգտագործել ու փորձարկել ձեր ստացած կրթությունն ու գիտելիքները, ձեր մտավոր ներուժը: Այս կառույցը կարող է դառնալ ոչ միայն երիտասարդության հնարավորությունների գործնական արտահայտման միջոց, այլև կադրային դարբնոց իշխանության մարմինների ու քաղաքական ուժերի համար: Բայց պիտի կարողանալ վեր կանգնել ճառ ասելու անվերջանալի թվացող գայթակղությունից և դրա փոխարեն ձգտել զանգ կախել, պարզ ասած՝ գործ անել, որովհետև գեղեցիկ խոսքերով երկիր չի կառուցվի, եթե այդ խոսքերի տակ իրական հող չկա:
Սիրելի երիտասարդներ,
Ես ցանկանում եմ, որ դուք Երիտասարդական խորհրդարանին մոտենաք այն մարդու հոգեբանությամբ ու տեսանկյունից, ով իրեն պատրաստ և ի վիճակի է համարում ինչ-որ բան անել նախ և առաջ իր երկրի ու ժողովրդի համար:
Երիտասարդությունը ունի մի կարևոր առավելություն՝ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, ինչ- որ բանի հասնելու ձգտումը: Դա հասարակության՝ առաջ շարժվելու վկայությունն է, որովհետև յուրաքանչյուր նոր սերունդ առաջընթացի, նոր գաղափարների կրողն է, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ:
Երիտասարդական պառլամենտարիզմը կարևոր է նախ որպես երիտասարդների շահերի և իրավունքների ներկայացման մեխանիզմ : Դա նաև իրավական և քաղաքական մշակույթ ձևավորող ինստիտուտ է : Եվ, ի վերջո, Երիտասարդական խորհրդարանը նաև լավ գործիք է երկրի կադրային ներուժի ձևավորման համար :
Այսօր շատերն են ուզում լիդեր լինել, բայց բոլորը չէ, որ համապատասխան արժանիքներ ու ընդունակություններ ունեն: և ես շատ ուրախ կլինեմ, եթե վաղը, մյուս օրը ձեզանից ոմանք հայտնվեն խորհրդարանում: Կարծում եմ՝ դուք ինքներդ էլ նման ձգտումներ ունեք:
Ես բոլորիդ մաղթում եմ, որ ձեր ծրագրերն ու երազանքներն իրականություն դարձնեք, միաժամանակ, երբեք չմոռանալով ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հետևյալ խոսքերը . «Մի հարցրու, թե քո երկիրը ի՞նչ կարող է անել քեզ համար։ Քեզ հարցրու, թե ի՞նչ կարող ես դու անել երկրի համար»:
Վստահ եմ, որ Երիտասարդական խորհրդարանը կդառնա նոր գաղափարների ծնվելու, արտահայտելու, նաև դրանք կյանքի կոչելու ասպարեզ, նոր մտքերի ու նախաձեռնությունների շտեմարան, որից կօգտվի նաև Ազգային ժողովը իր գործունեության ընթացքում:
Մաղթում եմ ձեզ բարի երթ, արդյունավետ աշխատանք և հաջողություն»:
Օգտվելով առիթից՝ Ազգային ժողովի նախագահը բոլորին շնորհավորեց նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Մենք շատ ենք կարևորում վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Երեխաները մեր հասարակության այն հատվածն են, ում նկատմամբ մշտապես անհրաժեշտ է հոգատարություն և ուշադրություն դրսևորել»-, ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները Ազգային ժողովի բակում լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Այնուհետև ԱԺ նիստերի դահլիճում Երիտասարդական խորհրդարանը գումարեց անդրանիկ նիստը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի փոխնախագահի, հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների, կրթության նախարարի, ինչպես նաև դիվանագիական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ:
Ազգային օրհներգի հնչյունների ներքո Երիտասարդական խորհրդարանի մենարկն ազդարարելուց հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տերունական աղոթքով օրհնեց այս նախաձեռնությունը, նաև երիտասարդ պատգամավորներին ավետարանական պատգամներ փոխանցեց:
Ազգային ժողովի կանոնակարգի հիմքով՝ նորաստեղծ խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կարեն Պետրոսյանը: Նա ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի 131 անդամներին, որոնցից 42-ն ինքնաառաջարդրվել են, 50-ը ներկայացնում են պետական և ոչ պետական բուհերը, իսկ 39-ը Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են: Նշենք, որ այս խորհրդարանի առնվազն 3 տոկոս պատգամավորական մանդատները վերապահված է ազգային փոքրամասնություններին: Իգական սեռի ներկայությունը ևս կարգավորված է փաստաթղթով. նախատեսվում է ընդհանուրի մեջ նրանց՝ առնվազն 20 տոկոս ներկայություն:
Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստի օրակարագում երկու հարց էր՝ խորհրդարանի կազմավորման և գործունեության ու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգերը: Երիտասարդ պատգամավորները նշված կարգերը հաստատելու որոշում ընդունեցին: Ըստ հաստատված կարգի՝ Երիտասարդական խորհրդարանի գործունեության հիմնական նպատակն է խորհրդատվական մասնակցություն ունենալ օրենսդրական դաշտի ձևավորման հարցում, ընդգրկվել սոցիալ-տնտեսական և քաղաքական հարաբերությունների իրավական կարգավորման գործում, երիտասարդության ներուժը, ստեղծագործական ու նախաձեռնողական հնարավորություններն իրացնել և ալն:
Երիտասարդական խոհրդարանի կազմավորման և գործունեության կարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով. յուրաքանչյուր հերթական մեկ նիստ վարելու է 12 հանձնաժողովներից մեկի նախագահը: Երիտասարդական խորհրդարանն իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է թե հաստատված կարգով, և թե «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով:
Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստը կգումարվի սեպտեմբեր ամսին:









































