Այսօր շուկայական հարաբերություններ են գործում, և շուկան է որոշում ապրանքի գինը: Կառավարության վերջին նիստից հետո անդրադառնալով մթերվող ծիրանի գնի հետ կապված գյուղացիների բողոքներին՝ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ինչ վերաբերում է այն ահազանգերին, թե արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարը հայտարարել է, որ դրա համար կա հակամրցակցային հանձնաժողով, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ գինը նվազում է:
Իգնատի Առաքելյանը մի կողմից՝ պահպանել է «անմեղության կանխավարկած» ասվածը, մյուս կողմից՝ այնուամենայնիվ, չի պնդել, որ իրենք հետևում են ծիրանի գնման, իրացման գործընթացին և այս ընթացքում որևէ նման զարգացման ականատեսը չեն եղել: Խուսափել է այդ ուղղությամբ որևէ մեկնաբանություն անել: Չի արել, որովհետև այս օրերին ծիրանի իրացման առումով գնային խիստ մտահոգիչ զարգացումներ, այնուամենայնիվ եղել են:

Մինչ իրավիճակը ներկայացնելը՝ նշենք, որ աշխարհում երևի չկա երկրորդ երկիրը, որտեղ գյուղմթերքի շուկայական ապրանքի գինը որոշվի՝ ինչպես Հայաստանում: Ծիրանի պարագայում ամենախոշոր արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչները հունիսի կեսերին մեծածավալ արտահանումների անմիջապես նախօրեին Արարատի մարզի Սուրենավան գյուղի ծիրանի ոլորտը «կոորդինացնողների հետ» համաձայնության են գալիս գնի շուրջ: Արդյունքում ինչ թվի շուրջ որ պայմանավորվեցին՝ դա լինում է ուղենիշ, որից հետո արդեն մարզի մյուս գյուղերում գինը 100-200 և ավելի դրամ նվազում է՝ կապված հասունացման ժամկետի հետ, որ 7-10 օրվա տարբերություն է տալիս: Արտաշատի տարածաշրջանում արդեն գինը Սուրենավանում սահմանվածի համեմատությամբ 200-300 դրամ ու ավելի, նվազում է:

Սկզբունքորեն նման մոտեցում է դրսևորվում նաև խաղողի պարագայում: Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը, որ վերջին տասը տարիներին 130-140 դրամի շրջանակներում է և հազիվ 10-20 դրամով է տատանվել, և մյուս բոլոր մթերողները, որպես ուղենիշ ընտրելով այդ թիվը, իրենք սահմանում են ավելի նվազ գին՝ պայմանավորված նրանով, թե «ով ով է»:
Վերադառնանք ծիրանին: Վերևում նկարագրվածը նախկինում էր: Ինչ է կատարվում ծիրանի իրացման «շուկայում» սկսած անցած տարվանից: Անկախ բերքի քանակից և տարածաշրջանից բերքահավաքի ստարտը տալուց՝ սկսված հինգերորդ օրվանից ծիրանի գնման գինը սկսեց կայունորեն նվազել՝ օրական 50 դրամով: Բառացիորեն նույնը տեղի ունեցավ նաև այս տարի:
Սուրենավանի հատվածում բերքահավաքը սկսվելուց 3-4 օր հետո՝ հունիսի 23-24-ին, Արարատի մարզում (այս օրերին մասսայական բերքահավաքը միայն այդ մարզում է) ծիրանի քաղը գրեթե դադարեցվել էր: Մթերում իրականացնում էր միայն այս ոլորտի ամենահզոր խաղացող Սպայկա» ընկերությունը, որը, որպես կանոն, մյուսներից 50-100 դրամով էժան էր գնում: Մյուս մթերողները ապրանքի կեսը գնած, մեքենաներում բարձած 24-ին «պարապուրդի էին մատնվել»: 25-ին արդեն ծիրանի գինը 500-ից (և՛ «Սպայկայի», և՛ մյուսների պարագայում) միանգամից նվազեց 400-ի, հետո յուրաքանչյուր հաջորդ օրը 50 դրամով պակաս, մինչև 300-ի, 2-3 օր կայուն՝ 300 դրամ մնալուց հետո մի քայլ էլ իջավ. 250 դրամ մեկ կգ-ի համար: Ամբողջ տարածաշրջանում կայուն գներ էին, գնային ոչ մի տատանում (մինչդեռ շուկայում այդպես չի լինում): Ամենը, ինչ տեղի էր ունենում, շատ հստակ ու կանոնակարգված է:

Հունիսի 24-ին ծիրանի գնման դադարեցումը խիստ զգուշացում էր գյուղացուն այն առումով, որ ընդամենը երկու օր չքաղելու դեպքում գյուղացին կարող է ծիրանի բերքի 50-60%-ը կորցնել, բերքից ու եկամուտից զրկվել: Դա լավ գիտեն և՛ գյուղացին, և՛ արտահանողը: Նախարարին նույնպես բացատրած կլինեն:
Մեկ-երկու օրից Արարատի մարզում ծիրանի բերքահավաքը կմտնի ավարտական փուլ և կոկսվի Արմավիրում, որտեղ մթերումները, համաձայն այս սցենարի, կիրականացվեն կգ-ն 200-150 դրամով:
Նման իրավիճակում արդեն նախարարի ու մյուսների տնտեսագիտական բացատրությունները առ ոչինչ են: Հակամրցակցային հանձնաժողովին մատնացույց անելն էլ անլուրջ է:
Խաղողի մթերումների հետ կապված վերջին տարիների զարգացումներից հետո այգիների մակերեսները էապես կրճատվել ու կրճատվում են: Օրերս նախարարը հայտարարեց, որ հավանաբար այս տարի խաղողի գները կբարձրանան: Նույն զարգացումներն են տեղի ունենում նաև ծիրանի պարագայում: Հանուն մեկ–երկուսի գերշահույթների ապահովման՝ կործանման է տարվում տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը: Եվ եթե խաղողի դեպքում դրսից սպիրտ ներկրելու հնարավորությունը կա (ինչն էլ լավագույնս արվում է վերջին 10-15 տարիներին), ապա ծիրանի դեպքում փակուղի է:

«Հանձնաժողովն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ՝ գինը կնվազեր»,- ասել է նախարար Առաքելյանը:
Մասնագետների պնդմամբ՝ բերքը բոլորովին էլ շատ չէ՝ 50-55 հազար տոննայի շրջանակներում: Մինչդեռ համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին 70-80 հազար տոննա և ավելի (մինչև 106 հազար) ծիրանի բերք է աճեցվել:

Արարատի մարզում բերքահավաքը մոտենում է ավարտին, մինչդեռ մթերող կազմակերպությունները իրականում մթերում չեն էլ սկսել: Նախարարն էլ փորձում է «թաքնվել» անցած տարվա գների ետևում: Իսկ խոսքաշեն վարչապետը, որ գյուղատնտեսությունը հռչակել է գերակա ճյուղ, որ նախընտրական քարոզչության օրերին ջերմորեն շփվում էր գյուղացիների հետ, երջանիկ ապագայի մասին խոստումներ տալիս, համեստորեն լռում է: Որովհետև ինքն ու իր թիմը չկարողացան գեթ մի դրական քայլով տարբերվել Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարություններից: Բացի գեղեցիկ ճառեր ասելուց՝ թերևս:







































