Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մխիթար Պապոյանի նախագահությամբ բանդայի գործով այսօր քննարկեց նաև դատարանի դահլիճում ինքնավնասում կատարած ամբաստանյալների նկատմամբ սանկցիայի կիրառման հարցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը սրիչով վնասել էր իր որովայնի շրջանը, ապա նրան էին միացել Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը:
Այդ օրվա ընդմիջված նիստից հետո դատարանի կողմից նշանակված նիստերը հիմնականում հետաձգվել էին:
Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը հայտնեցին, թե ինքնավնասում կատարելով ոչ թե անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ, այլ արտահայտել են իրենց հուսահատությունը, արդարությանը հասնելու հավատի կորուստը: Իրենք չգիտեն, թե Հայաստանում ո՞ւմ կարող են լսելի դարձնել իրենց ձայնը՝ այս գործով կատարված նախաքննական անարդարությունների և իրենց նկատմամբ գործադրված բռնությունների ու խոշտանգումների վերաբերյալ:
Ամբաստանյալ Արման Դալլաքյանի մահից հետո այս գործով մյուս ամբաստանյալների մեջ վախի զգացում է առաջացել, թե իրենց «վերջը» հերթով տալու են, որպեսզի կոծկվի սխալ բացահայտված գործը:
Ըստ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի՝ ինչ-որ աստիճանավորների հարկավոր էր եղել բացահայտել աղմկահարույց ավազակային հարձակումները, նրանք էլ այդ գործը «կոտրել էին» հենց այս մարդկանց գլխին ու անօրինություններ անելու համար ոչ թե պատժվել են, այլ, երևի, պարգևատրումների են արժանացել:
Դավիթ Գալստյանը նաև նշեց, թե, ըստ երևույթին, դատարանը վերևներից ճնշվելով էր անցած շաբաթ ամեն օր դատական նիստ նշանակում, որ այս գործը շուտափույթ ավարտի, ու ոչ թե իսկական , այլ կեղծ «բանդան» վերջապես դատապարտվի:
Ամբաստանյալների շահերի պաշտպաններն էլ նշեցին, թե իրենց պաշտպանյալների ինքնավնասման փորձը իրենց ձայնը լսելի դարձնելու ճիգ էր, իրենց դեմ գործադրված խոշտանգումների մասին հանրությանը հիշեցնելու հուսահատ ցանկություն, Արման Դալլաքյանի մահից հետո իրենց կյանքի ու անվտանգության համար տագնապի արտահայտություն:
Պաշտպան Արսենյանը նկատեց, որ դատական նիստերին պետք է հնարավորինս ապահովել տուժողների ներկայությունը, որպեսզի նրանք ոչ թե համացանցով կասկած հայտնեն, թե այդ ի՞նչ բացահայտում է, երբ գողոն համարյա թե հայտնաբերված չէ, այլ դատարան գան ու արտահայտեն իրենց տարակուսանքը:
Դատարանը որոշեց ինքնավնասման փորձ կատարած երեք ամբաստանյալների՝ Գալստյանի, Մանուկյանի, Դավթյանի նկատմամբ որպես սանկցիա կիրառել նախազգուշացումը: Ամբաստանյալները նախազգուշացվեցին, որ հետագա նիստերի ընթացքը խանգարելու, նախագահողի կարգադրություններին չենթարկվելու դեպքում նրանց նկատմամբ ավելի խիստ սանկցիա կկիրառվի:
Այսօր նախազգուշացում էր արվել նաև ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, ով առանց նախագահողի թույլտվության ցանկանում էր հեռանալ դատարանի դահլիճից, գնալ այնտեղ, որտեղից իրեն բերել էին, որովհետև, նրա կարծիքով, դատարանը քննում է իր հետ բոլորովին կապ չունեցող գործ, այս գործով մյուս ամբաստանյալներին ինքը տեսել ու ճանաչել է նախաքննության ու դատաքննության ընթացքում:
Փաստորեն, չորս ամբաստանյալի, կարելի է ասել, «դեղին քարտ» է ցույց տվել դատարանը և նախազգուշացրել է, թե հաջորդ խախտման դեպքում «կարմիր քարտ» կարող է կիրառել, այսինքն, մինչև 30 օր տևողությամբ կարող է հեռացնել դատարանի նիստերի դահլիճից:
Միակ ամբաստանյալը, ում նկատմամբ սանկցիա չի կիրառվել, ով չի նախազգուշացվել դատարանի կողմից՝ Արտուշ Հակոբյանն է:
Նախագահողը ամբաստանյալներին հիշեցրեց, որ նրանց շահերից պիտի որ բխի նիստերին ներկա լինելն ու դրանց մասնակցելը, չէ՞ որ հենց իրենք են արդար քննություն պահանջում:
Նախագահողը որոշ «բացատրական աշխատանք» տարավ պաշտպան Ոսկանյանի հետ, ում խոսքում հնչել էր, թե ամբաստանյալներն ինքնավնասման փորձ էին կատարել նախաքննական օրինախախտումներից, ինչպես նաև անարդար դատաքննությունից հուսահատված:
Պաշտպանը ստիպված եղավ ընդունել, որ «անարդար դատաքննություն» ասելով փոքր-ինչ «տաքացել էր», քանզի եթե նախագահողը թույլ էր տվել անարդարություններ, ապա պաշտպանները պարտավոր էին անմիջապես արձագանքել, ինքնաբացարկի միջնորդություն կատարել, ինչը մինչև այժմ ոչ մի պաշտպան չի արել:
Նախագահողն անդրադարձավ նաև ամբաստանյալ Դավիթ Գալստյանի հնչեցրած այն մտքին, թե դատարանը վերևներից ճնշվելով, այս գործը հապճեպ ավարտելու նկատառումներով է նախորդ շաբաթ ամեն օր դատական նիստ նշանակել:
Դատավորի հարցումից պարզվեց, որ ամբաստանյալների մեծ մասը դեմ չէ, որ գործը քննվի ոչ թե միայն երկուշաբթի օրերը, այլ շաբաթական մի քանի, նույնիսկ՝ ամեն օր: Ամենօրյա ռեժիմին կողմ արտահայտվեց նաև մեղադրողը: Փաստաբանները մեղմորեն հիշատակեցին իրենց զբաղվածությունը նաև այլ գործերով:
Ի վերջո, դատարանը որոշեց առայժմ պահպանել նախկին ռեժիմը և դատական նիստեր անել ամեն երկուշաբթի: Միաժամանակ, փաստաբաններին առաջարկվեց քննարկել ու դատարանին ներկայացնել շաբաթական մեկ օր ևս այս գործով նիստ անելու հնարավորության իրենց առաջարկությունը:
Պաշտպան Արսենյանի միջնորդությամբ որոշվեց դատարանում չհարցաքննված տուժող Նապոլեոն Ազիզյանին ծանուցագիր ուղարկել՝ հաջորդ դատական նիստին հարցաքննելու համար:
Ըստ Արսենյանի՝ իր տեղեկություններով՝ Նապոլեոն Ազիզյանը Հայաստանից մեկնել է արտերկիր ու վերադարձել է: Դատարանը նրան չի հարցաքննել, որովհետև «ինչ-որ հերթապահ բժշկի կողմից» տեղեկանք էր ներկայացրել, թե առողջական պատճառներով ցանկալի չէ, որ Ազիզյանը մասնակցի դատական նիստերին: Բայց եթե նա կարող է մեկնել արտերկիր, ապա ինչո՞ւ չի կարող դատարանում հարցաքննվել՝ իր միջնորդությունը ներկայացնելով՝ ասաց Արսենյանը: Առավել ևս, եթե դատարանը ակնհայտորեն հիվանդ, բազմաթիվ հիվանդությունների վերաբերյալ եզրակացություններ ունեցող Քյարամ Ամոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, նրա առողջական վիճակում կալանքի տակ գտնվելու և դատաքննությանը ներկայանալու հնարավորությունը պարզելու համար ներկայացված միջնորդությունը մերժեց, ուրեմն պետք է հնարավոր համարի նաև չհարցաքննված տուժող Նապոլեոն Ազիզյանի ներկայանալը դատարան:
Այնուհետև դատարանը շարունակեց հրապարակել գործում առկա փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար: Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:
2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը, ըստ նախաքննական մարմնի՝ հերթական ավազակային հարձակմանը նախապատրաստված ավազակախումբը վնասազերծվել էր:
Ավազակախմբի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը բարձունքից վայր էր ընկել ու մահացել: Խմբի վերոթվարկյալ անդամները ձերբակալվել էին: Ամբաստանյալներից՝ Արման Դալլաքյանը մահացել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 6-ին, նրա մասով, մահվան հիմքով, այսօր դադարեցվեց քրեական հետապնդումը:
Ընդ որում, ամբաստանյալ Դավթյանն այսօր նշեց, որ հենց այսօր լրացավ այս խմբի «բացահայտման» ու իրենց ձերբակալման երկրորդ տարին:
Լուսանկարը՝ emedia.am-ի







































