Երեխաների պաշտպանության օրը Հայաստանում կմեկնարկի Kinderwall կամ «Մանուկների պատ» կոչվող նախագիծը, որն իրականացնում է «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիան»։
Նորարարական նախագծի նպատակն է համակարգիչ-տերմինալների միջոցով բարձրացնել երեխաների համակարգչային և ինտերնետային գրագիտության մակարդակը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2 համակարգիչ-տերմինալ տեղադրել Գորայք գյուղի գյուղապետարանի շենքի պատի մեջ, որոնք ապահոված կլինեն շուրջօրյա արագ ինտերնետով և բազային ծրագրերով։
Kinderwall-ը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար։ Ծրագրի փորձաշրջանը կտևի մինչև սեպտեմբեր, որի հաջող ընթացքի դեպքում՝ նախագծի հեղինակները ցանկանում են դիմել դրամաշնորհի և Հայաստանի 150 գյուղերում ևս տեղադրել Kinderwall ինտերնետային տերմինալներ:
Տերմինալները աշխատելու են 24 ժամ, դրանք մինչև 2 մեգաբիթ արագությամբ ինտերնետով ապահովելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։ Իսկ ծրագիրը 2,5 միլիոն դրամով ֆինանսավորել է Գորայք գյուղում մասնաճյուղ ունեցող «Գեոթիմ» ընկերությունը, որը մինչ այդ գյուղում իրականացրել է տարբեր սոցիալական ծրագրեր:
Այս ծրագրի գաղափարն առաջին անգամ կիրառել է հնդիկ ֆիզիկոս Սուգատա Միտրան` տարիներ առաջ` իրականացնելով The hole in the wall կամ «Խորշ պատի մեջ» ծրագիրը: Ըստ նրա՝ եթե Հնդկաստանի տարբեր քաղաքներում պատի մեջ տեղադրվի ինտերնետին միացված համակարգիչ, ապա 5 տարվա ընթացքում 500 միլիոն 6-12 տարեկան երեխա կունենա համակարգչից և ինտերնետից օգտվելու նվազագույնից անհամեմատ ավելի բարձր գիտելիքներ:








































