Այսօր Ազգային ժողովում բավականին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ՝ արտահերթ նիստի հենց սկզբում Հանրապետական խմբակցությունը բավականին վատ վիճակի մեջ դրեց իրենց վարչապետ Կարեն Կարապետյանին:
Արտահերթ նիստը ԱԺ-ն հրավիրել էր հենց կառավարության առաջարկով, որպեսզի քննարկեր բավականին կարևոր ու հետաքրքիր այնպիսի նախագծեր, ինչպիսիք են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման կամ 2017-2022թթ. սեփականաշնորհման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերը: Նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց ընդունել նախագծերի քննարկման այնպիսի ընթացակարգ, որ յուրաքանչյուրի քննարկման համար հատկացվի 90 րոպե ժամանակ: Այդ ռեժիմին ընդդիմացան խորհրդարանական ոչիշխանական խմբակցությունները՝ համարելով, որ նման կարևորագույն նախագծերի քննարկման համար այն շատ քիչ ժամանակ է: «Ելք» խմբակցությունն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի քննարկմանը հատկացնել 5-ական ժամ:
«Մի քանի տասնյակ պետական օբյեկտների մասնավորեցում է նախատեսված, քիչ չի՝ հանրային քննարկում չի եղել, հանձնաժողովներում նորմալ քննարկում չի եղել, հիմա էլ 90 րոպե եք սահմանում քննարկման համար»,- հայտարարեց նա։
Ն. Փաշինյանի հետ համակարծիք էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բացարձակ անընդունելի է նման քննարկումը, առավել ևս, որ պոտենցիալ գնորդներ էլ դեռ չկան, բյուջեն լցնելու խնդիր է ընդամենը, բերում եք 90 րոպեում «սղցնում եք»»,- հավելեց նա։
Ա. Բաբլոյանն արձագանքեց, թե նախօրեին հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո Ն. Փաշինյանի առաջարկությունը ներկայացրել են կառավարությանը, ուստի հարցի քննարկումը 90 րոպեի փոխարեն կլինի երկու ժամ: Ընդդիմադիրները, սակայն, դրա հետ էլ չհամաձայնեցին: «Կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալու և նորից սկսելու համար» Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Վերադարձավ և խորհրդարանականներին տեղեկացրեց, թե քանի որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն՝ ընդառաջում են ընդդիմության առաջարկին: «Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում՝ ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջանցել։ Համենայնդեպս, վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց, որովհետև իրենց նախաձեռնությունն է: Ժամերի քանակի հարցում եկանք ընդհանուր համաձայնության»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Վերջինս նաև առաջարկեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի առաջին ընթերցման քննարկման տևողությունը սահմանել 4 ժամ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 60 րոպե, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 3․5 ժամ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի նախագծի համար՝ 3․5 ժամ: Եվ արդյունքում ստացվեց, որ իշխանությունները, մասնավորապես կառավարությունը, տեղի տվեց խորհրդարանական ոչիշխանական խմբակցության պահանջներին: Մինչդեռ քննարկումների ընթացքում հայտնի դարձավ, որ կառավարությունը նախապես ԱԺ-ին առաջարկել էր նախագծերի համար 4-ական ժամ քննարկման ժամանակ սահմանել: ԱԺ ղեկավարությունն ինքն է որոշել, որ 1․5 ժամն էլ է բավարար: Ավելի լավ է արագ քննարկեն՝ գնան իրենց հանգստին: Հատկապես, որ առջևում դեռ մի արտահերթ նիստ էլ կառավարությունը պետք է հրավիրի, քանի որ խորհրդարանին պետք է ներկայացնի իր նոր ծրագիրը: Հատկապես որ մի շարք պատգամավորներ առաջիկայում Հայաստանում չեն լինելու՝արտասահմանյան գործուղումների են գնալու: Իսկ շատերին էլ ամառային այս սեզոնին պարզապես դժվար է խորհրդարան բերման ենթարկել:
Բայց ԱԺ ղեկավարությունը ոչիշխանականների այդ հարձակումների ժամանակ որևէ բառ անգամ չասեց, թե ախր կառավարությունը նախագծերի քննարկման հենց այդպիսի ժամանակ էլ նախատեսել էր, իրենք են այն կրճատել: Դա պետք է աներ Ա. Բաբլոյանն ինքը, կամ նույն Վ. Բաղդասարյանը, որը 20 րոպե ընդմիջում էր վերցնում: Իսկ եթե նրանք չցանկացան իրենց կառավարությանն «արդարացնել», ապա դա կարող էր անել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը այդ նախագծերից մեկի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ օրինագծի զեկուցողն էր: Եվ գործի կամ պաշտոնի բերումով նա հաստատ տեղյակ էր այդ ներքին հարցերին: Եվ հատկապես որ նա համարվում է Կ. Կարապետյանի թիմի անդամը: Բայց նա էլ որևէ ձայն չհանեց: Եվ ՀՀԿ-ն այդպես «պադստավկա» արեց իր վարչապետին:
Այդպիսով հասկանալի դարձավ, որ Կ. Կարապետյանն ԱԺ-ում անգամ մի աջակից պատգամավոր չունի, որ նման դեպքերում իրեն պարզերես անի: Իր նախկին խորհրդական Շուշան Սարդարյանը դեռ չի կարող դա անել, քանի որ շատ դեպքերում չի էլ պատկերացնում խնդիրը: Ա. Հովհաննիսյան․ կյանքը ցույց է տվել, որ առաջնորդվում է իր սեփական շահով: Իսկ ՀՀԿ խմբակցությունն ընդհանրապես աչք անգամ չի թարթում իր վարչապետին «փուռը տալու» համար: Եվ Կ. Կարապետյանը խորհրդարանի հետ հարաբերությունների հարցում հայտնվել է շատ անպաշտպան վիճակում:
Բայց այդ խնդիրը կարևոր է ոչ միայն նեղ նախագծային ինչ-որ քննարկումների ժամանակ աջակցություն ունենալու համար, այլ ընդհանրապես քաղաքական կշռի տեսանկյունից: Երկրի վարչապետը, երկրի իշխող կուսակցության առաջին փոխնախագահը խորհրդարանում հենարան չունի: Այդ կուսակցությունը նրա հենարանը չէ: ՀՀԿ-ն նրան ինչպես բերել է, այդպես էլ հրաժեշտ կտա առանց աչքը թարթելու: Պարզապես դրա համար դեռ ժամանակ կա մինչև 2018թ. ապրիլը: Կ. Կարապետյանն իր դերը պետք է մինչև վերջ տանի: Հո 6 ամիսը մեկ կառավարություն չեն փոխի: Իհարկե, նա իր հիմնական առաքելությունը կատարել է՝ խորհրդարանական ընտրություններին իր դեմքը տրամադրելով իշխանություններին: Իշխանությունները հիմա նման քայլերով նրան հասկացնում են, որ պետք չէ ավելին ակնկալել, պարզապես պետք է գլուխը կախ, առանց որևէ դիմադրության աշխատել՝ մինչև գա հեռանալու պահը: Հակառակ պարագայում ոչ միայն ԱԺ-ում, այլ տարբեր առիթներով նման իրավիճակներ կկազմակերպեն հասկացնելու համար, որ վտանգավոր է նախատեսված դերից ավելին ակնկալել:
Լուսանկարը՝ Photolure-ի






































