Տղամարդը, ով այսօր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մուրճով հարձակվել էր ոստիկանական պարեկի վրա, հայտարարել է, որ հանդիսանում է ԴԱԻՇ խմբավորման «խալիֆայության զինվոր»։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով քննությանը մոտ աղբյուրին։
Հարձակվողին, ով հրազենային վիրավորում է ստացել, դեպքի վայրից տարել է շտապօգնության ծառայությունը։ Մուրճով հարվածի հետևանքով ոստիկաններից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։
Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել՝ կապված միջադեպի հետ։
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնը, տղամարդն ունեցել է նաև երկու խոհանոցային դանակ և անձը հաստատող փաստաթուղթ՝ ալժիրցի ուսանողի անունով, որի իսկությունը ներկայում ստուգվում է։ Նախարարը նշել է, որ հարձակվողը Սիրիային առնչվող բղավոցներ է արձակել։









































