Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Արթուր Առաքելյանը կառավարման համակարգում աշխատելու 17 տարվա փորձ ունի: Դեռ նոյեմբերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ կկարողանա՞ք աշխատել նոր նախարարի հետ, պատասխանել էր. «Ես 16 տարի աշխատում եմ պետական համակարգում, և նոր նախարարի հետ ևս շատ ճիշտ, լավ, համագործակցված աշխատում եմ։ Նախորդ նախարարի հետ էլ կարողանում ենք ճիշտ հարաբերվել, ճիշտ հարաբերություններ ունենալ, և հանդիպելուց ջերմ հիշողություններ կիսել»։ Դիտարկմանը՝ Ձեր մասով կա՞ որոշում ավելի երկար աշխատելու վերաբերյալ, արձագանքել էր. «Երկու ամիս է անցել, կարծում եմ՝ կա։ Քանի որ որոշողը ես չեմ, այդ հարցին չեմ կարող հստակ պատասխանել։ Ամեն դեպքում մենք հետագայի հետ կապված ծրագրեր կառուցում ենք»։ «Առաջին լրատվական»-ը Արթուր Առաքելյանի հետ զրուցել է աշխատանքից ազատման պատճառների և առաջիկա անելիքների շուրջ:
-Պարոն Առաքելյան, Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառները հայտնի՞ են: Հնարավո՞ր է՝ պայմանավորված է նրանով, որ Ձեզ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կադրն էին համարում:
-Ո՛չ, պայմանավորված չէր, և դա իմ ցանկությունն էր: Կարդացեք դիմումը մինչև վերջ, այնտեղ գրված է, որ իմ դիմումի համաձայն եմ ազատվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
-Ի՞նչն էր նման որոշման պատճառը: Նոր նախարարի առաջարկած պայմանները չէի՞ն գոհացնում:
-Չէ՛, ցանկությունս այլ է, ուզում եմ այլ ոլորտով զբաղվել, 17 տարի պետական աշխատանքով եմ զբաղվել:
-Մասնավոր հատվածում եք Ձեզ տեսնո՞ւմ:
-Դեռ պլաններում միայն հանգստանալն է, իսկ մեկ ամսից հետո, եթե Ձեզ հետաքրքրի՝ կասեմ:
-Վահան Մարտիրոսյանի հետ աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Ավելի արդյունավե՞տ էր, քան նախորդների հետ, թե՞ անարդյունավետ:
-Ես չէ որ պետք է գնահատական տամ նախարարի աշխատանքին: Ամեն դեպքում, մենք շատ լավ հարաբերությունները պահպանել ենք և որևէ խնդիր կամ չպատասխանված հարցեր իրար նկատմամբ չունենք:
-Այս 17 տարիների աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Կապի և տրանսպորտի ոլորտում բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել և առ այսօր ունենք: Խնդիրներին հիմնականում լուծում չի տրվել: Հիմա, երբ արդեն պաշտոն չունեք, ազատ եք Ձեր գնահատականներում, կարո՞ղ եք ասել՝ ինչն է եղել պատճառը:
-Ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև փուլ առ փուլ, բոլորս ծրագրված, համակարգային լուծումներով շարժվել ենք առաջ և շարունակում ենք շարժվել, որովհետև, գիտեք, որ խնդիրները բարդ են, և մենք երբեք չենք խուսափել գնահատական տալուց՝ բարդության աստիճանի իմաստով, բայց բոլոր ծրագրային լուծումները պատրաստ են և շարունակական միջոցառումներով կիրականացվեն:
-Ի՞նչ գնահատական կդնեք Ձեր ոլորտին՝ երեք, չորս, հինգ, թե՞ երկու…
-Ճիշտն ասած, ես որոշակիության կողմնակից եմ, և քանի որ այդ բալային համակարգը հիմնված չէ որոշակի ցուցանիշների հիման վրա, ես զերծ կմնամ նման գնահատականներ տալուց, շատ զգացմունքային կլինի, եթե ասեմ հինգ, չորս կամ երեք:
-Գագիկ Բեգլարյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:
-Շատ լավ:
-Մի քանի վարչապետերի հետ եք աշխատել: Նրանցից ո՞ր մեկի աշխատանքն է ավելի արդյունավետ Ձեզ համար:
-Ես չեմ ուզում զգացմունքային դաշտ տեղափոխվել, որովհետև ես բնույթով այլ մարդ եմ: Բոլոր վարչապետերի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Բնականաբար համապատասխան սուբորդինացիան պահպանում ենք, և բոլորին փողոցում, թե միջոցառման ժամանակ տեսնելիս, շատ հանգիստ բարևում եմ: Որևէ խնդիր չկա:









































