«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակին և հարցին, թե արդյոք հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ, ՄԱՀՀԻ-ի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Թե ինչ կլինի առաջիկա 5 տարիներին, երևի թե իմաստ չունի կանխագուշակել, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանի շուրջ միջազգային ֆոնն ինչ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում, և անհայտների թիվը որքան շատ է»:
Քաղաքագետի խոսքով՝ մեզ սպասվում է ժամանակաշրջան, որը լի է անսպասելի զարգացումներով՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի օգտվելու դրական զարգացումներից և դիմակայելու բացասականին:
Ռ. Մեհրաբյանի դիտարկմամբ՝ «պրոբլեմ-2018»-ը այն ինտրիգն է, թե 2018-ից հետո ով կստանձնի վարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարումը, թե ոչ, ըստ Մեհրաբյանի, միայն իրենից չէ կախված. «Հայաստանի իշխանությունը բաղկացած է ազդեցության բազմաթիվ խմբերից, որոնք մրցակցում են միմյանց հետ և իրարից քիչ տարբերվող պատկերցումներ ունեն ապագայի նկատմամբ: Կարեն Կարապետյանի ազդեցության խումբը դրանցից միայն մեկն է»:
«Չնայած նրան, որ որոշակի կարգապահական բնույթի և կարևոր քայլեր արվեցին, սակայն ապագայի տեսլականը առայժմ չի նշմարվում:
Ավելին՝ նշմարվում են մի քանի գործոններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա: Մասնավորապես այն, որ այս ընթացքում չենք տեսել, որ Կարեն Կարապետյանը լուրջ պայմանավորվածության հասնի իրավամբ զարգացում ապրող որևէ տնտեսական միավորման հետ: Ամեն ինչը կարծեք թե կցված է Ռուսաստանին, մի շուկայի, որտեղ ամեն ինչ փլուզվում է, որտեղ գործում են հակաշուկայական գրված և չգրված օրենքներ և այդ ամենը կաշկանդում է Հայաստանին, այդ կանոններին հետևելու պարտավորություններ են դնում Հայաստանի վրա, ինչը մահացու է Հայաստանի համար»,- նշեց Ռ. Մեհրաբյանը: Նա նաև հավելեց, որ կառավարությունը անելիքներ ունի. «Բայց կանի թե ոչ, ես լավատես չեմ այդ հարցում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































