ՀՀ արդարադատության նախարարությունն անձնական տվյալների հետ կապված բավականին մեծ աշխատանք է կատարում: Մայիսի 22-ին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով անցկացվող աշխատաժողովից առաջ «Արմենպրես»-ի հեզ զրույցում նշեց ՀՀ արդարադատությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

«2015 թվականին ընդունվեց եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքը, որտեղ հստակ գրված է, թե որ դեպքում կարող է անձի անձնական տվյալները հավաքագրվել: Այդ օրենքով ստեղծվեց անձնական տվյալների հավաքագրման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին՝ անձնական տվյալների գործակալություն: Այդ գործակալությունը քննում է անձանց կողմից ուղարկված բողոքները, դիմումները, ովքեր համարում են, որ իրենց անձնական տվյալները հավաքագրվել են անօրինական: Գործակալությունն այդ բողոքների հիման վրա վարույթ է հարուցում, այնուհետև տվյալը հավաքագրողից տեղեկություն ստանում և որոշում կայացնում: Վերջերս գործակալության կողմից մի քանի որոշումներ կայացվել դասարաններում տեսանկարահանումների հետ կապված և նշվել են անձի տվյալների պաշտպանության մասով խախտումները»,-նշեց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ այս աշխատաժողովի նպատակն է պարզել, թե որքանով սպառիչ է աշխատում հավաքագրվող անձնական տվյալների պաշտպանության օրենքը տեսահսկման մասով:
«Մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն օրենքով, և եթե տեսահսկման ինչ-որ տեղեկություն հավաքագրվի հետագայում դրա պաշտպանության հետ կապված հարցերը բարձրացնելիս, խնդիրներ կարող են առաջանալ: Պետք է օրենքով սպառիչ պատասխան տրվի, թե որ դեպքերում անձը կարող է տեսանկարահանվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
2015-16 թվականներին Անձնական տվյալների գործակալությունը խորհրդատվություն է տրամադրվել 251 անձանց, այդ թվում՝ 175 իրավաբանական անձանց, 16 քաղաքացու, 4 լրագրողի, 53 պետական մարմինների, 2 ՀԿ-ի ներկայացուցիչների և մեկ միջազգային կազմակերպության:
ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝ որոշ վայրերում տեսանկարահանման սարքերը անհրաժեշտ են, սակայն, դրա հետ մեկտեղ, անպայման պետք է պաշտպանված լինեն անձնական տվյալները:
«Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով երկօրյա աշխատաժողովն անց է կացնում ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի հետ համագործակցությամբ:










































