Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Բրյուսելը պետք է Մեծ Բրիտանիային «միլիարդավոր ֆունտեր» վճարի Եվրոպական ներդրումային բանկում երկրի բաժնետոմսերի համար: Այս մասին հայտնում է Telegraph թերթը:
Ըստ Մեյի՝ Մեծ Բրիտանիան ունի ֆինանսական իրավունքներ, որոնք պետք է Brexit-ի հարցով բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն պարտավորություններին հավասար: «Շատ խոսակցություններ են տարվում այն մասին, թե ինչ պարտավորություններ պետք է ունենա Միացյալ Թագավորությունը կամ այն մասին, թե մենք ինչ իրավունքներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով այն փողերը, որոնք վճարվել են անցյալում: Մենք հստակ ցույց ենք տալիս, որ հաշվի կառնենք և՛ իրավունքները, և՛ պարտավորությունները»,- ասել է Մեյը պարբերականին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան մասնակցում է ԵՄ-ի հետ համատեղ մի քանի մեծ ֆինանսական և ներդրումային նախագծերի: Ուստի երկիրը վերջին հաշվով բաժնի իրավունք ունի: «Կա ներդրումային բանկ, կա ներդրումային հիմնադրամ, կան այլ ոլորտներ: Ինչպես դուք գիտեք՝ դա բանակցությունների կարևոր մաս կլինի»,- եզրափակել է Մեյը:
Աղբյուրները Միացյալ Թագավորության կառավարությունում պարբերականին հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի մասը Եվրոպական ներդրումային բանկում գնահատվում է մոտ 10 մլրդ եվրո:







































