Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է գրեթե մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» կողմից գրաված ՊՊԾ գնդի նպատակը, ըստ որի՝ «Սասնա ծռերի» նպատակն է եղել պարտադրել պետությանը կալանքից ազատել Ժիրայր Սէֆիլյանին և մյուսներին: Նաև նշվում է, որ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սէֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք:

«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով դատախազության տարածած հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ Ժիրայր Սէֆիլյանի, թե՛ «Սասնա ծռերի» գործով մտացածին և անգրագետ ձևակերպումներ և հայտարարություններ կան. «Իրականությունը խառնվել է իրար, պրոֆեսիոնալիզմի լուրջ պակաս և ամբողջական կամայականություն կա այնտեղ», – ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Նա անդրադարձավ նաև դատախազության հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպմանը, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սէֆիլյանին և մի շարք այլ անձանց ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք: Ենիգոմշյանի խոսքերով՝ որևէ հիմնավորում, որևէ ապացույց չկա այս հայտարարության մեջ և միայն կամայական, սուբյեկտիվ պնդումներ են, որտեղ հստակ երևում է պրոֆեսիոնալիզմի բացակայությունը:
«Իրականում պրոֆեսիոնալիզմի բացակայությունը իրենց համար խնդիր չէ, քանի որ պարզ է, որ բոլոր մեղադրանքները իրենց բնույթով քաղաքական են, և եթե իրենց ձեռքերը բացարձակապես ազատ լինեն, նաև այդ վճիռները միանշանակորեն քաղաքական են լինելու: Հետևաբար, այդ ձևակերպումների ո՛չ լրջությունը, ո՛չ պրոֆեսիոնալիզմն ինքնին խնդիր է, բայց իրենց համար գուցե այդքան խնդիր չէ, որովհետև իրենք գիտեն, որ վճիռը քաղաքական է»,- հավելեց Ալեք Ենիգոմշյանը:
«Սասնա ծռերի» 18 անդամների մասով գործը ավարտվել և ուղարկվել է դատարան: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ ՀՀ ներկա դատական համակարգից արդար դատավարություն ակնկալելը անհեթեթություն կլինի, բայց այս դատավարությունը լինելու է վարչախմբի քաղաքական դատավարությունը:
«Անկախ նրանից, թե դատավորի աթոռին նստած անձն ինչպիսի վճիռներ կարձակի, վստահ եմ, որ բոլորին կարևոր և հետաքրքիր ոչ թե զրվարճանքի իմաստով, այլ քաղաքական պայքարի ձևի առումով շատ հետաքրքիր օրեր են սպասվում այս դատական նիստերի ժամանակ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
«Պաշտպանական կողմը պնդում է, որ տեղի ունեցածն ապստամբություն է, և սա եղել է սահմանների հետ կապված, նաև երկրում տիրող անօրինականությունների հետ կապված, և միայն չի եղել սա Ժիրայր Սէֆիլյանի ազատության համար, սա եղել է արդարության համար, և երկրում օրենքի պետություն ստեղծելու նպատակ է հետապնդել, և ոչ թե միայն Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու նպատակ, եղել է ապստամբություն, ոչ թե զինված հարձակում: ՄԱԿ-ի կոնվենցիան ասում է, որ երբ օրենքը չի գործում, քաղաքացիներն իրավունք ունեն իրականացնելու ապստամբություն»,- անդրադառնալով դատախազության հայտարարությանը՝ ասաց Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Անդրադառնալով առաջիկա դատավարությանը՝ Արա Ղարագյոզյանը նշեց, որ մեղադրանքները չեն անհատականացվել. «Դատական համակարգից որևէ սպասելիք չունենք, բայց պետք է գնանք և փորձենք հիմնավորել, պաշտպանել մեր պաշտպանյալներին: Անհույս դատարան չեն գնում, պետք է առաջ գնանք և հասնենք Եվրոպական դատարան»,- հավելեց փաստաբանը:
Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելը եղել է պահանջներից մեկը, իսկ ավելի հստակ դիրքորոշում հայտնեցին «Սասնա ծռերը», երբ իրենց պահանջները դրեցին Վիտալի Բալասանյանի առաջ. «Եղել է Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հրաժարականի պահանջ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այն ձևակերպմանը, որ «Սասնա ծռերի» նպատակն է եղել պարտադրել պետությանը կալանքից ազատել Ժիրայր Սէֆիլյանին և մյուսներին, ըստ փաստաբանի, սա հակասում է ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածին. Սահմանադրության երկրորդ հոդվածքով՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իրավունք ունի իր կողմից ստեղծած մարմիններին պահանջներ ներկայացնել:
Նրա խոսքերով՝ դատախազության հաղորդագրությունը միակողմանի է, արտահայտում է միայն մեղադրող կողմի տեսակետը. «Իսկ ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, դա մեկ պայման չի եղել, եղել է պայմաններից մեկը և ոչ ամենագլխավորը: Ամենագլխավոր պահանջը եղել է Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի հրաժարականը»:







































