Սեպտեմբերի 16-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների՝ Լորան Ֆաբիուսի, Ուիլյամ Հեյգի և Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Ջեն Պսակիին:
Հաղորդվում է, որ Ֆաբիուսի և Հեյգի հետ Քերիի խորհրդակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով: Պետքարտուղարն առանձին հանդիպում կունենա սաուդացի գործընկերոջ հետ՝ ասվում է Պսակիի հայտարարության մեջ: Պսակին ուղեկցում է Քերիին, ով ներկայում գտնվում է Ժնևում:
Պսակին հայտնել է, որ Ժնևից Քերին կիրակի կուղևորվի Երուսաղեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցելու պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և սիրիական հարցի շուրջ:
Ամենայն հավանականությամբ, պետքարտուղարը Վաշինգտոն կվերադառնա սեպտեմբերի 16-ին:









































