Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը վճռել է, որ երկրի նախկին վարչապետ միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, ամսական պետք է վճարի 2 միլիոն եվրո: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի, չնայած այս գործով նիստը կայացել էր դեռևս 2016թ. նոյեմբերին: Ավելի վաղ Բեռլուսկոնին բազմիցս բողոքարկել էր վերոնշյալ գործով կայացված դատավճիռները:
Դատավճռում նշված է, որ Բեռլուսկոնին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, իսկ նրա և նախկին կնոջ եկամուտների տարբերությունը դատարանը «զգալի է» համարել: Այս կապակցությամբ դատարանը որոշել է, որ միլիարդատերը նախկին կնոջն ամսական պետք է վճարի 2 միլիոն եվրո:
Ներկայում 80-ամյա Բեռլուսկոնին մտերիմ հարաբերությունների մեջ է 31-ամյա Ֆրանչեսկա Պասկալի հետ, որը դեռևս 4 տարի առաջ հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնանալ նրա հետ:







































