Դաշնակցության հետ Սերժ Սարգսյանի կոալիցիան անկասկած որպես առաջնային նպատակ հետապնդելու է Սերժ Սարգսյանի իշխանության ապահովումը 2018 թվականից հետո: Թե հատկապես ինչ տեսք կունենա այդ իշխանությունը՝ արդեն այլ հարց է: Ընդ որում, մեծ կասկած կա, որ Դաշնակցությունն էլ տեղյակ չէ այդ մասին, այսինքն՝ Սերժ Սարգսյանը անգամ Հրանտ Մարգարյանի հետ չի կիսվել իր ծրագրերով, կամ եթե կիսվել է, ապա ամենայն հավանականությամբ միայն ապակողմնորոշելու նպատակով:
Սերժ Սարգսյանն անկասկած չի վստահում ոչ միայն ՀՅԴ-ին, այլև ոչ մեկին ընդհանրապես: Տարօրինակ է, բայց այդ անվստահությունն է, որ նրան օգնել է նախագահ մնալ անցնող տասը տարիներին, երբ թվում էր, թե Հայաստանում իշխանափոխություն կարող է լինել անգամ քամուց: Բայց Դաշնակցությանն ըստ ամենայնի չի էլ հետաքրքրում, թե հատկապես ինչ տեսքով է Սարգսյանը պատրաստվում ապահվել իր իշխանության շարունակությունը 2018-ից հետո: ՀՅԴ-ն այդ մասին բավական պարզ շարադրել է դեռևս մեկ տարի առաջ, երբ Արմեն Ռուստամյանը, խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին, հայտարարեց, որ եթե պահպանվում են այն տենդենցները և գիծը, որը հավանության է արժանացրել Դաշնակցությունը՝ 2016-ի կոալիցիայի տեսքով, ապա իրենք չեն տեսնում խնդիր Սարգսյանի վարչապետ մնալու առումով, հատկապես, որ դա չի հակասում օրենքին և Սահմանադրությանը:
Այսինքն՝ ՀՅԴ-ն հստակ արձանագրել է, որ իրեն հետաքրքրում է իշխանության իր բաժինը, և այդ դեպքում Սերժ Սարգսյանն իր բաժինը ազատ է տնօրինել ցանկացած կերպ, Դաշնակցությունը կաջակցի: Այսինքն՝ ՀՅԴ-ն կաջակցի թե՛ Սարգսյան վարչապետի թեկնածությանը՝ Սերժ Սարգսյան, թե՛ այլ վարչապետի, որին կներկայացնի Սերժ Սարգսյանը 2018-ին:
Դա է ամբողջ հարցը՝ Սարգսյանն ի՞նքն է գնալու, թե՞ նշանակելու է իր թեկնածուին: Այստեղ ահա ՀՅԴ գործոնը դառնում է հետաքրքիր: Եթե Սարգսյանը ինքն է գնալու կամ մտադիր է գնալ անձամբ, ապա ՀՅԴ աջակցությանն ապավինելը վկայում է մի բան՝ Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ին, այսինքն՝ այն կուսակցությանը, որն ինքն է ղեկավարում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կասկածում է, թե միայն ՀՀԿ-ի հույսին մնալով՝ կարող է դառնալ վարչապետ կամ կարող է ունենալ այդ հարցում հուսալի երաշխիք: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիան Սերժ Սարգսյանի անվստահությունն է ՀՀԿ-ին. եթե նա ինքն է մտադիր գնալ վարչապետի պաշտոնի:
Այլ հարց է, եթե Սերժ Սարգսյանը չունի այդպիսի մտադրություն և ներկայացնելու է իր թեկնածուին: Մի բան է, երբ Սարգսյանն իր համար է հավանություն ուզում ՀՀԿ-ում, մեկ այլ բան՝ իր մատնանշած անձի: Այստեղ ՀՀԿ-ի վերաբերմունքը անկասկած տարբեր կլինի: Հետևաբար կոալիցիան կամ Սերժ Սարգսյանի անվստահությունն է ՀՀԿ-ին, ինչը նշանակում է, որ 2018-ից հետո ՀՀԿ-ում նա կիրականացնի լայնամասշտաբ զտումներ: Ընդ որում, այդ համատեքստում կոալիցիան ինչ-որ իմաստով ստացվում է նաև ՀՀԿ-ին ուղղված շանտաժ: Կամ էլ կոալիցիան վկայում է, որ Սարգսյանն, այդուհանդերձ, պատրաստվում է ոչ թե անձամբ առաջադրվել, այլ ներկայացնել իր թեկնածուին, և վստահ չէ, որ այդ հարցում ՀՀԿ-ն կունենա նույնպիսի դիրքորոշում, ինչպես իր թեկնածության հարցում:







































