«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նորանշանակ դեսպան Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորմանն իր ջանքերն ուղղելու պատրաստակամություն հայտնեց: Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի համար առաջնահերթ է դառնում ԼՂ հակամարտության կարգավորումը, հաշվի առնելով օրինակ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու անսպասելի և կտրուկ որոշումը:
– Հիմա Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ կկապեն Մաքսային միությանն անդամակցման հետ: Ի՞նչ է պատահել. տվյալ պաշտոնին նշանակվելով՝ Ուորլիքը այցելել է տարածաշրջան, ընդ որում՝ այդ այցը գլխավորապես տեղեկատվական-ճանաչողական է, նա դեռ ծանոթանում է իրավիճակին։ Իսկ ի՞նչ էիք սպասում, որ նա ասեր՝ ես եկել եմ այստեղ ոչինչ չանելո՞ւ: Բնականաբար, սա կլինի աշխատանքային հաջորդ փուլը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակությունը: Ես բացարձակ հիմքեր չեմ տեսնում՝ ենթադրելու, որ այս գործընթացում կարող են ինչ-որ լուրջ փոփոխություններ տեղի ունենալ: Նույնպես հիմքեր չկան նաև գործընթացը մոտավորապես նույն ձևով չշարունակելու համար:
– ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում խոսվում է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված «նոր ջանքերի» անհրաժեշտության մասին…
– Դա նորմալ նամակի նորմալ ձև է, որ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբում 1992 թվից: Ես այս քսանից ավելի տարիների ընթացքում բազում նման հայտարարություններ եմ տեսել: Բնականաբար, նրանք կշարունակեն անել այն, ինչ կարող են անել համանախագահները, այդ թվում և՝ ամերիկյան:
– Դեսպանը Բաքվում իր ճեպազրույցում նշել է, որ «ատելությանն ու տառապանքին վերջ տալու» ժամանակն է։ Սա մեսի՞ջ էր՝ ուղղված Ադրբեջանին:
– Իհարկե։ Համանախագահները քաջ գիտակցում են՝ խնդիրն Ադրբեջանի հասարակական տրամադրություններում է, որոնք թելադրվում են իշխանությունների կողմից։ Այստեղ կա հայատյացության խնդիր։ Դե, ադրբեջանցիները պատերազմում պարտվել են, հետևաբար աշխատանք է տարվում նրանց հետ, քանի որ այնտեղ ավելի են տարածված նման տրամադրությունները, ընդ որում՝ դրանք պետական մակարդակով են: Այսքանով հանդերձ, ես չէի փորփրի, չէի փորձի նշաններ գտնել, որ Ղարաբաղում ինչ-որ բան արմատապես փոխվում է: ԼՂ հակամարտությունը տարատեսակ հավասարակշռությունների յուրահատուկ կառուցվածք է, դրանք ոչ միայն ռազմական են, այլև տնտեսական, սահմանային, մարդկային ռեսուրսների, լոբբինգների։ Գոյություն ունի հայկական լոբբինգ՝ նավթի գործոնի դեմ, թուրքական լոբբինգ՝ ռուսականի դեմ, Իրանի ներկայություն և այլն: Ահա այսպիսի դժվար կառուցվածք է, որ ունենք ավելի քան 20 տարի: Եվ հիմա միամտություն է կարծել, որ այս դրությունը պիտի փոխվի միայն նրանով, որ ինչ-որ մարդ է եկել, ինչ-որ նամակ է հանձնել, ինչպիսին էլ լինի նրա բովանդակությունը: Դա անհնար է, այս կառուցվածքն անփոփոխ պահպանվում է երկար տարիներ շարունակ: Որևէ փոփոխություն լինել չի կարող, դա հրաշալի հասկանում է, իհարկե, նոր համանախագահը, դա հրաշալի հասկանում են բոլոր համանախագահները, երկրների ղեկավարները և այլք:
– Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը շատերը պայմանավորեցին Ռուսաստանի կողմից ճնշումներով, որի կարևոր բաղադրիչը Հայաստանի անվտանգության ապահովումն է: Որո՞նք են լինելու, ըստ Ձեզ, Եվրամիության գործողությունները:
– Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտնող մշտական խուճապներում ես աշխատում եմ մասնակցություն չունենալ: Ձեր ասածը ոչ թե այն է, ինչ իրականում տեղի է ունենում, այլ՝ հասարակական քննարկումների արդյունք: Ցանկացած իրադարձություն Հայաստանում խուճապով է ընդունվում, դա կապ ունի ներքաղաքական զարգացումների հետ, լսարանի, մեդիայի, լրագրության վիճակի, «վերլուծություն» կոչվածի հետ, իրականության հետ դա փոքրագույն կապ ունի: Եվրոպան պարզապես հնարավորություն չունի անվտանգության ոլորտում ճնշումների դիմելու. սա սեպտեմբերի 3-ի պատճառներից մեկն է, ես կասեի՝ հիմնականը: Ռուսաստանը որևէ մոտիվ չունի հավասարակշռություն փոխելու: Նման դեպքերում ես միշտ այս օրինակն եմ բերում. եթե մի կին մուկ տեսնի և ցատկի աթոռին, պատճառները պետք է փնտրել հենց այդ կնոջ մեջ, ոչ թե՝ մկան: Այստեղ հարցն այն է՝ ինչպես է հանրությունն ընդունում դրսից եկող ցանկացած ազդանշան: Մինսկի խմբի ցանկացած հայտարարությանն ի պատասխան «վույ աման, աման»-ը ես լսում եմ դեռ 1992 թվից: Ժամանել է համանախագահը, ուրիշ ոչինչ չի եղել: Նա մեկնել է Բաքու, եկել՝ Երևան, մեկնելու է ԼՂ, հանդիպել է Ալիևին, հանդիպել է Սարգսյանին, ուղերձ է փոխանցել երկու նախագահներին էլ: Սա նորմալ գործընթաց է:
– Ալիևի հնարավոր, ավելի շուտ՝ հավանական վերընտրությունից հետո ի՞նչ զարգացումներ են սպասվում:
– Ոչ մի ընտրություն չի լինելու թեկուզ այն պատճառով, որ դուք հարցնում եք՝ ինքներդ էլ լավ հասկանալով՝ Ալիևը մնալու է իր պաշտոնին: Լուրջ փոփոխություններ, սակայն, պետք չէ ակնկալել:
– Սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպայի դռները մեզ համար փակվեցի՞ն: Համագործակցության նոր ձևաչափեր հնարավո՞ր են:
– Ոչ մի դուռ երբեք չի փակվում: Այն, ինչ մտադրված է անել Հայաստանի ղեկավարությունը, ակնհայտ է. դա Վիլնյուս մեկնելն է և առավելագույն ծրագրով այնտեղ ինչ-որ բան ստորագրելը: Ես Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը հավանական չեմ համարում: Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ փաստաթղթի ստորագրում քաղաքական ոլորտում, որպեսզի մնանք բանակցային գործընթացում կամ գուցե մեկ այլ գործընթացի շարունակության համար, կախված է այն բանից, թե ինչպես Եվրոպան կարձագանքի նրան, ինչ ասում է Հայաստանը և ինչը Ռուսաստանի դեմ չէ: Իսկ թե ինչպես կարձագանքի Եվրոպան, դեռ կտեսնենք: Այսօր եկող ազդակներն ամենատարբեր են, հակասական, դրանք գալիս են ամենատարբեր դեմքերից: Մի բան է Շվեդիայի արտգործնախարարը, մի բան է Բրյուսելը: Ամեն ինչ պարզ կլինի վաղը՝ Ֆյուլեի այցի ժամանակ, երբ տեսնենք՝ ինչ կասվի այնտեղ: Ես շանսերի գնահատում չեմ անի, հստակ է, որ երկու որոշումն էլ դժվար է ընդունել՝ Հայաստանին թույլ տալ մեկնել Վիլնյուս այն գիտակցմամբ, որ շատ բաներ այլևս անհնար են, լավ չէ։ Միաժամանակ, Վիլնյուս չգնալը նույնպես լավ չէ: Կարծում եմ՝ կընդունվի ինչ-որ քաղաքական որոշում, թե ինչպիսի՝ դեռ կտեսնենք:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































