Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ իր և վարչապետի հարաբերությունների վերաբերյալ հարցին: «Ձեզ մոտ լավ ստացվում է մի բան հնարել, հետո վերլուծել, գնահատականներ տալ և այլն, էսօր էլ փորձեք ինչ-որ բան հնարել»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Ճշտող հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քանի որ կան տեղեկություններ, որ դրանք լարված են, Վլադիմիր Գասպարյանը ժպտալով ասաց. «Հրաշալի: Ինչ մեղք եք, երեխեք: Նյութ չունե՞ք էսօրվա»:
Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված նրա պաշտոնավարման երկարակեցությունը, ոստիկանապետն ասաց. «60 տարով եմ եկել, հաշտվե՛ք այդ մտքի հետ: Սերժ Սարգսյանը 65 է տարին ստորագրել, դեռ 60 տարի ունեմ »:
Դիտարկմանը, որ վարչապետը հանձնարարել է աղբը հավաքել, Վ. Գասպարյանը բազմանշանակ արձագանքեց. Էնքա՜ն աղբ կա մեր երկրում հավաքելու:
Թե ում նկատի ուներ Վլադիմիր Գասպարյանը, աղբ ասելով, չմեկնաբանեց և նորից հորդորեց մի բան հորինել: «Իշխանության մե՞ջ էլ աղբ կա՞»,- այս հարցին, ոստիկանապետը արձագանքեց. «Լսի՛ր, հոգի՛ս, աղբ ամեն տեղ էլ լինում է»:
Լրագրողների հետ զրույցում Վովա Գասպարյանը նաև ընդգծեց, որ «Սասնա ծռերին» հերոս անվանող Սեյրան Օհանյանի գործունեությանը վատ է վերաբերվում:
Հաջորդ հարցին ոստիկանապետը չցանկացավ պատասխանել. «Արդեն հոգնեցի ձեզանից, չքվե՛ք, սիրելինե՛րս»,- լրագրողերի հետ զրույցը նա այսպես ավարտեց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































