Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Էմանուել Մակրոնին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Վարչապետը ջերմորեն շնորհավորում է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին ընտրություններում հաջողության կապակցությամբ: Ֆրանսիան մեր ամենամոտ դաշնակիցներից է, մենք անհամբերությամբ սպասում ենք նոր նախագահի հետ փոխշահավետ հարցերի լայն սպեկտրով աշխատանքը սկսելուն»,- ասվում է հայտարարության մեջ:
«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լե Պենից, վկայում են ՆԳՆ տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման և դրա արդյունքների ամփոփման համար: 4,1 մլն (12,2%) ձայների հաշվարկի արդյունքներով՝ Մակրոնը ստացել է ընտրողների քվեների 60,19%-ը, Լե Պենը՝ 39,81%-ը:









































