Դավիթաշեն համայնքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու Երևանի աղբանոցների հետ, ինչ ծրագրեր կան, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ իրենք բանակցում են միջազգային կառույցների հետ. «Մեր նախընտրական ծրագրերում հստակ նշված է, որ մեկնարկը տրված է, վարկային ծրագրով նոր աղբավայր է կառուցվում, հին աղբավայրն ամբողջությամբ ծածկում ենք, կանաչ տարածք ենք ստանում և նոր աղբավայրում աղբի վերամշակման գործարան ենք կառուցում: Մի քանի ամիս անց մրցույթը կշահեն և շահողը կսկսի աշխատանքները: Եթե մեր ընդդիմախոսները նոր են տեսնում աղբավայրը, մենք չորս տարի առաջ մեր բանակցություններն ու աշխատանքը սկսել ենք դրա շուրջ»:
Տ. Մարգարյանը չի կարծում, թե քաղաքապետարանի ծրագրերը դանդաղ են ընթանում, նա նշեց, որ անպայման պետք է միջազգային փորձն ուսումնասիրվի. «Ամեն րոպե մտքներովս անցածը չպիտի արտահայտենք, որ հետո չկարողանանք իրականացնել»:
Հարցին, թե քաղաքապետի մյուս թեկնածուներն ասում են, որ Տարոն Մարգարյանը մնացել է Ավան վարչական շրջանի թաղապետ, ոչ թե Երևանի քաղաքապետ, ինչի մասին վկայում է այն, որ Ավանում հինգ տարիների ընթացքում վերելակների համար ավելի շատ գումար է ծախսվել, քան մյուս շրջաններում, որտեղ ավելի շատ վերելակներ կան, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ։ Դա նշանակում է, որ մարդիկ լավ չեն կարողանում ուսումնասիրել, շատ հնարավոր է երկու պաշտոնական այլ տվյալ բերեն, բայց 12-ը չտեսնեն»:
Դուք կողմ ե՞ք «ռևանշիզմին». այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց, որ այս հարցին արդեն պատասխանել է այլ լրատվամիջոցի հետ զրույցում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































