Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել, բողոքել է իրավապահ մարմինների անգործությունից:
«Մենք այսօր մի քանի հայց ենք ներկայացրել՝ բողոքելով իրավապահների անգործությունից»,-գրել է Նավալնին իր կայքում:
Նրա խոսքով՝ սոցցանցերի օգտատերերը տեսաձայնագրությունում ճանաչել են իր դեմ հարձակման հավանական մասնակիցներին, սակայն հարցաքննության կամ նրանց դեմ քրեական գործ հարուցելու մասին տվյալներ չկան:
Նավալնին նաև նշել է, որ քիմիական նյութով («զելյոնկա») հարձակման հետևանքով իր մոտ ախտորոշվել է աջ աչքի քիմիական միջին ծանրության այրվածք, ինչի հետևանքով վնասված աչքը կորցրել է տեսողության 80 տոկոսը:
Հիշեցնենք, որ Նավալնին հարձակման էր ենթարկվել ապրիլի 27-ին:







































