Վենեսուելայում նախագահական ընտրություններում պարտված ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը դիմել է Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին՝ ապրիլյան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կապրիլեսը պնդում է, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կարողացել է հաղթել ընտրություններում զանգվածային կեղծիքների շնորհիվ:
Նախորդ ամիս Վենեսուելայի Գերագույն դատարանը մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու Կապրիլեսի պահանջը, իսկ ընդդիմադիր թեկնածուն խոստացել է դիմել միջազգային ատյաններին:
Իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին երկուշաբթի օրը հայտարարել է հոկտեմբերին սպասվող արտաքին սադրանքների մասին և ժողովրդին կոչ է արել պատրաստ լինել դրանց:
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իբր ամռանը Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հարցով խորհրդակցություն է անցկացրել և եզրակացրել, որ երկրում քաղաքական իրադրությունը կայունանում է:
Նա ժողովրդին և հատուկ ծառայություններին զգոնության կոչ է արել:









































