Փարիզի քաղաքապետարանն ապրիլի 24-ին հյուրընկալել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին` հիշատակելու Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ներկա են գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և մի շարք այլ հյուրեր:
«Այս ցեղասպանության պատմությունը նաև իմ պատմությունն է, քանի որ դա մարդկության պատմությունն է»,- նշել է Անն Իդալգոն՝ շնորհակալություն հայտնելով հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրության արժեքներին հավատարիմ մնալու, իրենց արմատները չմոռանալու համար` միաժամանակ ինտեգրվելով ու ապացուցելով, որ կյանքը միշտ ավելի ուժեղ է:
Իդալգոն վերահաստատել է, որ պայքարն, այնուամենայնիվ, չի ավարտվել: «Եթե պատմությունը չտանենք ճշմարտությամբ, ապա այն կարող ենք կրկնել: Եթե հերքում ենք պատմությունը, այն կարող է ինքն իրեն կրկնել»,- նշել է Փարիզի քաղաքապետը: Իդալգոյի խոսքով` այն փաստը, որ այս օրն աշխարհում բազում մարդիկ հիշատակում են Հայոց ցեղասպանությունը, վկայում է այն մասին, որ հայերին ոչնչացնելու ձգտումը հաջողության չի հասել:


















































