Ծագումով Գանայից Էնամ Հեյկինզը, ով տառապում է մաշկի պիգմենտացիայի խախտմամբ, կարողացել է մոդել դառնալ։ Այս մասին հայտնում է Daily Mail բրիտանական պարբերականը։
Հազվագյուտ հիվանդության նշաններն ի հայտ էին եկել նրա մոտ 7 տարեկանում։ Առաջին բաց գույնի բծերն առաջացել էին ձեռքերին և ժամանակի ընթացքում տարածվել ողջ մարմնով մեկ։ Նա այլևս չի կարողացել թաքցնել հիվանդության հետքերը։ Էնամի խոսքով՝ համադասարանցիները վախեցել են մոտենալ իրեն՝ կարծելով, թե դա վարակիչ է։
Դպրոցով խնդիրները չեն սահմանափակվել։ Դպրոցն ավարտելուց հետո նրա անձնական կյանքը չի դասավորվել, որովհետև նրա արտաքինը վանել է տղամարդկանց։ «Ես սարսափելի հալածված էի, սակայն 5 տարի առաջ որոշեցի վերջ դնել դրան»,-խոստովանել է աղջիկը։
Այժմ նա նկարահանվում է ամսագրերի շապիկների համար, բազմաթիվ պայմանագրեր է կնքել մոդելային գործակալությունների հետ։















































