ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացիները անհանգստանալու հիմք ունեն Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև միջուկային հավանական պատերազմի կապակցությամբ: Սիտակ տան ղեկավարը նման կարծիք է հայտնել TMJ-4 ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցին: Այն հարցին, թե ԱՄՆ-ի քաղաքացիները ինչ չափով պետք է անհանգստանան Հյուսիսային Կորեայի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, Թրամփն ասել է. «Անհանգստանալ միշտ է պետք: Պարզ չէ՝ ում հետ գործ ունենք: Ես հիանալի հանդիպում եմ ունեցել Չինաստանի նախագահի հետ, և այդ հանդիպումը թույլ տվեց ինձ շատ բան իմանալ: Ինչպես տեսաք, շատ բան է տեղի ունեցել»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի կարծիքով՝ Չինաստանը բավականին մեծ իշխանություն ունի Հյուսիսային Կորեայի հանդեպ: «Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա: Իրավիճակը շատ, շատ բարդ է»,-ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հարցով պետք է զբաղվեին ԱՄՆ նախկին նախագահները, այդ թվում՝ Բարաք Օբաման:







































