«Թուրքիայում ապրող հայերը սահմանադրական փոփոխությունների համար ուրախ չեն և «Ոչ» են քվեարկել»: «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին, ասաց «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Հիշեցնենք, որ նախնական արդյունքներով սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Այս փոփոխություններով Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի:

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն և Էրդողանի հաղթանակը ինչպե՞ս կազդի այդ երկրի փոքրամասնությունների, հատկապես հայերի վրա, Էստուկյանը նշեց, որ հանրաքվեի արդյունքներն անակնկալ չէին, մոտավորապես հենց այսպիսի արդյունք էր սպասվում: «Թե ինչպես կազդի ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի վրա ապագայում, ապա պետք է ասել, որ Թուրքիան անցնում է մենատիրական համակարգի, ոչ մեկին ձեռնտու չէ, և հանրաքվեի արդյունքում ազգայնական ալիքը հավանաբար կբարձրանա»:
Նրա կարծիքով՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված «փոթորիկներ» չեն լինի, մի քիչ ավելի զգուշավոր կլինեն, քանի որ Թուրքիան իրականության մեջ երբևէ ժողովրդավար երկիր չի եղել և այսօր էլ դրա ձգտումը չունի, ուստի կարելի է համակերպվել:
Այնուամենայնիվ, Բագրատ Էստուկյանը վաղ է համարում այն դիտարկումները, թե Աթաթուրքի հանրապետությունը մահացավ. «Թեև այդպիսի վերլուծություններ, մեկնաբանություններ կան, բայց դրանք այնքան էլ հավաստի չեն այս պահին: Բայց դեպի իսլամական պետության ձգտումը կա արդեն: Սա մենատիրական, ավելի ֆաշիստական, ավելի տոտալիտար համակարգի է վերածվում: Իսկ թե ինչպիսի հարևան է ստանում Հայաստանը, Թուրքիան հետայսու արկածախնդրական երկիր է դառնալու, ամեն տեսակ արկածախնդրության պատրաստ, և Թուրքիան ավելի վտանգավոր հանգրվանի է: Իրականում Էրդողանը երկարատև ծրագրեր ուներ, որոնք քայլ առ քայլ իրականացրեց»,- հավելեց նա:
Բագրատ Էստուկյանը նաև նշեց, որ այսպիսով Թուրքիան իր ներսում չի ունենա զսպող մեխանիզմներ և հակակշիռներ. «Ուժերի տարբերության հասկացողություն կար, օրենսդիր, գործադիր մարմինները հավասարակշռված էին, հիմա այդ հավասարակշռություններն արդեն խախտված են»:
«Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագրի դիտարկմամբ՝ Թուրքիան հետզհետե ԵՄ անդամ դառնալու ձգտումը չեզոքացրեց: Ավելին, օրենսդրությամբ ուզում են մահապատիժ նախատեսել, ինչը նախկինում չկար: «Մահապատիժը դարձյալ օրակարգ են բերել: Այս ամենը եվրոպական սկզբունքների վերացման նպատակ ունի, եվրոպական արժեքներից հեռացում և շեղում, և ըստ ամենայնի՝ կհայտնվի շրջափակման մեջ»,- ասաց նա:







































