Ստոկհոլմում ահաբեկչության ենթադրյալ իրականացնող Ռահմաթ Ակիլովը Շվեդիայում ապաստան չէր ստացել, քանի որ 2014 թվականին դիմումում նշել է կեղծ ազգանուն և պատճառ, ինչի համար կուզենար մնալ երկրում: Այդ մասին հայտնում է Dagens Nyheter պարբերականը:
Պարբերականի տվյալներով` Ակիլովը իրեն անվանել է Ռահմաչոն Ղուրբանով, իսկ պատճառը նշել է այն, իբր Ուզբեկստանի իշխանությունները իրեն բռնել են ցույցի ժամանակ և ենթարկել կտտանքների: Շվեդ պաշտոնյաները չեն հավատացել դրան, միաժամանակ փախստականը չի ունեցել անձը հաստատող փաստաթղթեր:
2016 թվականին Ակիլովին մերժել են տրամադրել ապաստան, և նա բողոքով դիմել է միգրացիոն դատարան: Դատարանը նույնպես մերժել է նրան:
2016 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ նա պետք է լքի երկիրը, իսկ այս տարվա փետրվարին ոստիկանությունը նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, քանի որ նա թաքնվել է արտաքսումից:










































