«Ռուսաստանում պետություն գոյություն չունի, այն տարածք է, որը բռնազավթված է մի խումբ հանցագործների կողմից: Ռուսաստանում ապրում է 141 միլիոն նորմալ, աշխատասեր, շռայլ, խելացի, կարգին մարդ և մեկ միլիոն հանցագործ, որոնք ամեն ինչ փչացնում են: Իսկ պետություն այնտեղ գոյություն չունի»,- Snob.ru կայքին ասել է Hermitage Capital ներդրումային ընկերության ղեկավար Ուիլյամ Բրաուդերը, որը մի քանի միլիարդ դոլար է աշխատել Ռուսաստանում, սակայն այդ երկրում հանցագործ է համարվում այն օրվանից, երբ բացահայտել է չինովնիկների կողմից հարյուր միլիոնավոր դոլարների հափշտակության փաստերը:
Hermitage Capital-ը նաև հայտնի է դարձել Մագնիտսկու գործով: Ամերիկյան այս ընկերության ռուս իրավաբանը` Սերգեյ Մագնիտսկին, ձերբակալվել էր Բրաուդերի դեմ քրեական գործ հարուցելուց հետո և անհայտ պայմաններում մահացել բանտում: Նրա սպանությունից հետո Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջել է պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր մեղավոր են Մագնիտսկու սպանության մեջ:
Բրաուդերն ասել է, որ միառժամանակ Ռուսաստանում աշխատելուց հետո իր մասնագետների միջոցով սկսել է ուսումնասիրություններ կատարել և ներկայացնել դրանք լրագրողներին: «Պարզվել է, որ գողության գործերը հիմնականում կենտրոնացած են մի փոքր խումբ մարդկանց ձեռքում: Ասում են նաև, որ Ռուսաստանը բացառիկ կոռումպացված երկիր է: Սակայն բոլոր թելերն այդ մարդկանց ձեռքում են, իսկ մեծամասնությանը դրանից բաժին չի հասնում»,- ասել է Բրաուդերը: Նա ավելացրել է, որ «Գազպրոմի» դեպքում խոսքը գնում է 9 թոփ-մենեջերների մասին:









































