Իր 93-ամյակից մեկ ամիս առաջ Շառլ Ազնավուրը ելույթ ունեցավ Կրեմլի բեմում: Ծափահարությունների մասին, որով նրան դիմավորեցին և ճանապարհեցին, ըստ ամենայնի, ոչ ոք անգամ երազում չի տեսել: Ինչպես ինքն է սիրում՝ սև կոստյում, սև վերնաշապիկ, այդ փոքրիկ ծերունին ոտքի բարձրացրեց դահլիճը՝ ստիպելով վանկարկել ու ծափահարել, իսկ միջին տարիքից մեծ կանանց՝ նաև արտասվել: Այո, այո, արտասվել, այն էլ ինչպես… Ազնավուր՝ մարդ, որը տարիք չունի, գրում է RFI-ը:
Երբ Ազնավուրը մի քանի օր առաջ Մոսկվա ժամանեց ու հանդիպեց լրագրողների հետ, նրանց ամենաշատը հուզում էր մի հարց՝ «Ինչպե՞ս եք դուք այդ տարիքում դեռ երգում»։ Շառլը, ով մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եկել էր վառ երկնագույն բլուզով, մուգ ակնոցով, նրբանկատորեն բացատրեց, որ ողջ-առողջ է միայն հանդիսատեսի շնորհիվ։
«Նույնիսկ եթե ես մի քիչ հոգնել եմ, դա ինձ չի կանգնեցնի։ Ես պետք է բեմ բարձրանամ, քանի որ առաջին հերթին պետք է սիրել քո հանդիսատեսին, նա է հարստացնում մեզ, ստիպում առաջ շարժվել և ավելին անել, քան երեկ: Հանդիսատեսի շնորհիվ ենք մենք երիտասարդ մնում»,- ասել է նա։
Հասկանալի է, որ իրականում գաղտնիքը ժառանգականության ու առողջության մեջ է, բայց նրա պատասխանի նրբանկատությունը ականջ է շոյում…
Ազնավուրը աշխատանքի մասին էլ է հիշատակել, բայց «իմ ստեղծագործությունը» արտահայտությունից նա խուսափում էր։ «Իմ գաղտնիքը էնտուզիազմն է։ Էնտուզիազմ ու աշխատանք։ Ես միշտ ունեմ փոքրիկ ու շատ ծանր ճամպրուկ։ Ես այնտեղ դնում եմ այն ամենը, ինչ ինձ պետք է աշխարհի ցանկացած կետում աշխատելու համար»։
Իսկ ահա քաղաքականության մասին հարցերին, չնայած լրագրողների ջանքերին, Ազնավուրը այդպես էլ չպատասխանեց։ Նրան հարցրեցին թե՛ Ֆրանսիայի գալիք ընտրությունների, թե՛ Հայաստանում անցկացված ընտրությունների մասին: Շանսոնյեն կամ ձեւացնում էր, կամ էլ իրոք չգիտեր՝ ինչ է կատարվում քաղաքականության մեջ։ «Ես քաղաքական գործիչների շրջանում շատ ընկերներ ունեմ: Երբ հանդիպում ենք, խոսում ենք արվեստի, գրականության, քանդակագործության մասին ու երբեք՝ քաղաքականության»,-ասել է Ազնավուրը։
Նրա համար քաղաքականությունն առհասարակ մի տեսակ աբստրակցիա է։ Ի՞նչ է քաղաքականությունը։ Կան լավ մարդիկ , ոչ այնքան լավ մարդիկ, յուրայիններ, օտարներ։ Եթե կա նրանց օգնելու հնարավորություն. Ցանկություն, օգնի՛ր, չկա՝ ուրեմն մի՛ կողմ քաշվիր։
Ազնավուրը մի կողմ չի քաշվում։ Նա ունի հայրենիք՝ Ֆրանսիա, ունի պատմական հայրենիք՝ Հայաստանը։ Առաջինը անչափ սիրում է, իսկ երկրորդի առաջ իրեն մի քիչ պարտական է զգում, ինչպես շատ այլ արտագաղթողներ, հատկապես երբ հայրենիքդ այդքան էլ բարեկեցիկ վիճակում չէ։ 1988թ. Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը կազմակերպեց ողբերգության զոհերի օգնության հիմնադրամ, որը հետո դարձավ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցացիա։ Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրվել է նրա հուշարձանը։ Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա, ու եթե նա Հայաստանում մնար, ապա նրա որդու անունը հիմա կլիներ Շահնուր Միշայի Ազնավուրյան։
Ազնավուրը երկու ժամ անընդմեջ երգեց Կրեմլում։ Ընդ որում երգեց լիաթոք՝ չխնայելով ուժերը ու միաժամանակ չվախենալով երևալ ծերունի… Ինպես խոստովնեց Ազնավուրը, ինքը մտադիր չէ վերջակետ դնել, քանի որ այլ կերպ չի կարող ապրել։
«Մի անգամ կինս հարցրեց ինձ՝ ժամանակը չէ՞ կանգ առնել։ Իսկ ես պատասխանեցի՝ եթե կանգ առնեմ՝ կմահանամ։ «Այդ դեպքում շարունակի՛ր»,-ասաց կինս»։ Ճիշտ ամուսնանալը նույնպես տաղանդ է` եզրափակում է հոդվածագիրը։










































