Ռեյտինգային ընտրակարգն իշխանությունների և ընդհանրապես ընտրությունների վերաբերյալ բավականին հետաքրքիր նրբություններ է բացահայտում: Ինչպես հայտնի է, այս նոր ընտրակարգի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղղակիորեն չի կարող ընտրել որևէ կուսակցության: Նա պետք է իր ձայնը տա տվյալ կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկին, իսկ այդ ձայնը մեխանիկորեն գնում է այդ թեկնածուին ներկայացնող կուսակցությանը: Եվ ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ՀՀ 13 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում առաջադրել էր մինչև 13 թեկնածու: Արդյունքում, ընտրություններին մասնակցած ինը ուժերի նախընտրական ցուցակներում առկա 1540 թեկնածուներից 1200-ը ռեյտինգային կարգով էին առաջադրվել: Եվ իրենց կուսակցություններին ու դաշինքներին հենց նրանք են ձայներ բերել: Որքան էլ որ դրանք լինեն:
Ռեյտինգային թեկնածուների գրանցած արդյունքը հետաքրքիր պատկեր է բացահայտում հատկապես Հանրապետական կուսակցության դեպքում: Չէ որ նրանք են հաղթել ընտրություններում: Այդ առումով հետաքրքիր է հասկանալ կամ տարբերակել, թե արդյունքում կուսակցությունը որքան ձայն է տարել: Տվյալ դեպքում ճշգրիտ հաշվարկ անելու որևէ մեխանիզմ չկա, քանի որ կուսակցությանը ուղղակի ընտրելու տարբերակ գրեթե չի եղել, վերահաշվարկի ժամանակ, երբ ծրարի մեջ հայտնաբերված քվեաթերթիկի վրա որևէ թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում չի եղել, այն վավեր է համարվել ու գրանցվել է այդ ուժի համար:
Եվ այդ քվեաթերթիկները առանձնացնելով կամ 13 ընտրատարածքների բոլոր թեկնածուների ձայները գումարելով՝ կարելի է մոտավոր պատկերացում ունենալ, թե պարզապես կուսակցությանը որքան ձայն է տրվել: Եվ այսպես, Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ բոլոր 12 թեկնածուները միասին ստացել են 58.856 ձայն: Իհարկե այնտեղ ոչ բոլորն են շատ քվեներ ստացել, ամենաշատ՝ 27.107 ձայները բաժին են հասել Ռոբերտ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագին: Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի 13 թեկնածուները միասին ստացել են 53.325 ձայն: Թիվ 3 ընտրատարածքում՝ 66.397 ձայն: Ընդ որում, այստեղ ՀՀԿ-ի ստացած ձայների կեսից ավելին՝ 42.500-ը բերել է Սամվել Ալեքսանյանը: Թիվ 4-ում ՀՀԿ-ն ստացել է 50.781 ձայն:
Իսկ արդեն Երևանից դուրս, Արարատի մարզի թիվ 5 ընտրատարածքում՝ 77.248 ձայն: Այստեղ էլ ձայների գերակշիռ մասը՝ 45.339 ձայն բերել է Արայիկ Գրիգորյանը, մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը: Ընդ որում, սա ռեյտինգային թեկնածուների ստացած ամենաշատ ձայների քանակն է: Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքում՝ 66.513 ձայն: Արագածոտնի մարզում՝ 34.166 ձայն, Գեղարքունիքի մարզում՝ 66․461 ձայն, Լոռու մարզում՝ 84.172 ձայն: Ի դեպ, Լոռու մարզում ՀՀԿ-ի ստացած ձայների քանակը ամենաշատն է: Այստեղ էլ առավել՝ 44.255 քվե ստացել է Կարեն Կարապետյանը: Կոտայքի մարզում ՀՀԿ-ն ստացել է 35.316 ձայն, Շիրակի մարզում՝ 52.646 ձայն, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում միասին՝ 56.916 ձայն և վերջապես Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքից ստացել է 34.237 ձայն: Եվ ՀՀ բոլոր ընտրատարածքներում ՀՀԿ-ի բոլոր ռեյտինգային թեկնածուների ձայները միասին կազմել են 739 հազար: Իսկ ՀՀԿ-ն ընդհանրապես ստացել է մոտ 770 հազար ձայն կամ ընդհանուր քվեների մոտ 50 տոկոսը: Այսինքն, ՀՀԿ-ն առանձին, առանց իր թեկնածուների ձայների ստացել է ընդամենը 31 հազար ձայն:
Այստեղ մի հետաքրքիր գաղտնիք էլ է բացահայտվում: ՀՀԿ-ն իր հիմնական քարոզարշավի ժամանակ հանրությանը ներկայանում էր վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Քարոզարշավի առաջին օրերին սոցհարցումները ցույց էին տալիս, որ իշխող կուսակցությունն ունի ընդամենը 26 տոկոս վարկանիշ: Հետագա օրերին ՀՀԿ-ի վարկանիշը գնալով աճեց: Եվ ի վերջո ՀՀԿ-ն հաղթեց: Այդ կուսակցության ներկայացուցիչներն ու քարոզչության պատասխանատուները մեկնաբանում էին, որ իրենց վարկանիշի աճը պայմանավորված է Կ. Կարապետյանով: Վերջինս, այդ նույն սոցհարցումների համաձայն, իբր թե ունի 82 տոկոս վարկանիշ: Եվ դա դրականորեն է ազդել այդ կուսակցության վարկանիշի վրա ու ի վերջո նրան հաղթանակ բերել:
Բայց մենք ՀՀԿ-ի ստացած ընդհանուր ձայներից հանեցինք ռեյտինգային բոլոր թեկնածուների ձայները, ու ինչպես տեսանք, ստացանք ընդամենը 31 հազար ձայն: Այսինքն՝ Կ. Կարապետյանի էֆեկտը կամ այդ 82 տոկոս վարկանիշը ՀՀԿ-ի համար ընդամենը այդքան ձայն են բերել: Դա 14 հազար ձայնով ավելի քիչ է, քան Արարատի մարզում ստացել է իր պատգամավորության ընթացքում Ազգային ժողովում որևէ ծպտուն չհանած Ա. Գրիգորյանը: Դա 13 հազարով ավելի քիչ է, քան Լոռիում ստացել է պագամավոր Կարեն Կարապետյանը: Եվ վերջապես դա 11 հազար ձայնով ավելի քիչ է, քան ստացել է Ս. Ալեքսանյանը: Ավելին՝ այն անգամ մի քանի հազարով պակաս է, քան ստացել է Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանը:
Ուրեմն ո՞րն էր վարչապետ Կ. Կարապետյանի էֆեկտը, ուր գնացին նրա կլիպների, հանրապետության ողջ տարածքով մեկ նրա նկարով մեծադիր պաստառների ու քարոզչական այլ միջոցների վրա ՀՀԿ-ի ծախսած այդքան գումարները, որ կուսակցությունն առանձին ընդամենը 31 հազար ձայն պետք է ստանար: Եվ ի վերջո, այս չոր թվաբանությունը գալիս է ապացուցելու, որ Կ. Կարապետյանն իր կուսակցությանը բերել է ընդամենը մեկ ռեյտինգային թեկնածուի չափ օգուտ: Եվ եթե այս ընտրություններին այդ ընտրակարգը չներդրվեր, ՀՀԿ-ին ոչ իր վարչապետը, ոչ էլ ծախսած ահռելի գումարները կփրկեին: Եվ այդ ուժը գրեթե այդքան ձայներ ստացած ՕՐՕ դաշինքի նման չէր կարողանա անցնել Ազգային ժողով:









































