Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ նշանակալից հոբելյանի՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Անցած տարիների ընթացքում, հիմնվելով բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին, մենք կարողացել ենք հայ-ռուսական հարաբերությունները դուրս բերել միութենական համագործակցության մակարդակի»,-ասվում է պաշտոնական շնորհվորական ուղերձում:
Պուտինը նաև նշել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացումը, համատեղ լայնածավալ նախագծերի իրագործումը և Մոսկվայում վերջին բանակցություններում գրանցված հաջողությունները:







































